«Շմայս» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հերքեց տեղեկությունները, թե չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 10 տարվա ժամկետով տրամադրված մուտքի արտոնագիրը և դա է եղել Հայաստան վերադառնալու պատճառը։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Մովսիսյանը վստահեցրեց, որ չկա նման բան․«Բացարձակապես չկա, իմ պասպորտը իմ ձեռքում ա, ես էլ ժամանակին գնացել-եկել եմ։ 15 տարի ա՝ գնում Ամերիկա՝ գալիս եմ ոչ մի հատ խոչընդոտ չեմ ունեցել, ոչ էլ ունեմ։ Էդ ում ձեռ ա տալում՝ գրում են, թող ուրախանան, բայց նման բան չկա։ Եթե դուք էթաք ընդեղ ամուսնանաք, ինձ հրավիրեք հարսանիքի, մեծ հաճույքով կգամ»,- ասաց Մովսիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում է և չի պատրաստվում մշտական բնակության մեկնել որևէ երկիր։

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ կարծիքի է նոր իշխանության գործալաոճի մասին, արդյոք կա՞ որևէ բան որ չի գոհացնում իրեն՝ Մովսիսյանը պատասխանեց․ «Մենք հիմա պատերազմական շեմի մեջ ենք, եկեք չմեկնաբանեմ ոչ մի բան։ Մենք թշնամի ունենք, դրա համար ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»,-ասաց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ երբ Առաքել Մովսիսյանը նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել էր ԱՄՆ՝ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել այդ երկրում, ԱՄՆ-ից նրան «դեպորտ» են արել և նա ստիպված է եղել վերադառնալ Հայաստան: