Մարտի 1-ի գործի նյութերին ծանոթանալու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ աշխատած Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Քննիչն առանց որևէ պատճառաբանության մերժել է մեր միջնորդությունը։ Այժմ պատրաստվում ենք բողոքարկել դատախազին»,-ասաց նա՝ նշելով, որ նյութերի թղթային հատորների սկանավորված տարբերակների կեսին է հասցրել ծանոթանալ։

Նշենք, որ Մարտի 1-ի գործի նյութերին ծանոթանալու ժամկետն ավարտվել է ապրիլի 6-ին, սակայն ապրիլի 8-ին միջնորդություն էր ներկայացվել այն ևս 50 աշխատանքային օրով երկարացնելու համար։ 

«Իմ պաշտպանյալը զրկված է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից։ Միջնորդել էինք, որպեսզի պարոն Օհանյանին ծանոթանալու համար տրամադրվի թղթային տարբերակը, բայց քննիչը մերժել է և կրկին միջնորդություն ենք ներկայացրել։ Միջնորդություն ենք ներկայացրել նաև, որ գործում առկա տեսագրությունները, արձանագրությունները ևս տրամադրվեն, քանի որ 76 հատորանոց նյութերը ծաղկաքաղ են։ Քննիչը չի կցել ապացույցները, որոնք կարող են արդարացնող լինել, փոխարենը կցվել են մեղադրական բնույթի ապացույցները, ուստի մենք ասում ենք, որ բոլոր ապացույցները կցեն»,- ասաց նա։ 

Ըստ փաստաբանի՝ Օհանյանին վերագրված չեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են առնչություն ունենալ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ․ «Ուզում ենք, որ մեզ բացատրեն, թե ինչ գործողությամբ է սահմանադրական կարգը տապալվել, և ինչ գործողությամբ է այն վերականգնվել, որպեսզի կարողանանք պաշտպանվել, բայց չեն ասում»,-նշեց Մեժլումյանը։