«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։

Քննչական կոմիտեից ԼՈՒՐԵՐ.com–ին հայտնեցին, որ ապրիլի 8–ին Ղլեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասի (Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը), ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն կատարելը) հատկանիշներով։

Ըստ գործի նյութերի՝  «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մուտք է գործել ընկերության համակարգչային համակարգ և գործով դեռևս չպարզված անձի միջոցով անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։ Բացի այդ՝  Ղլեչյանը վերցրել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ի վարչական շենքի 5–րդ հարկում գտնվող  տեսանկարահանող տեսախցիկները։

Նշենք, որ Ղլեչյանը հիշյալ գործողությունները կատարել է աշխատանքից ազատվելուց հետո։ Ղլեչյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։