ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցը հայտնի դիմահարդար Մանե Սահակյանն է:

Մանեն առաջին մասնագիտությամբ երաժիշտ է: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Նորաձևության հանդեպ հետաքրքրությունները միշտ մեծ են եղել, այդ պատճառով էլ 13 տարի առաջ որոշել է մասնագիտանալ դիմահարդարության ոլորտում: Դիմահարդարման ոլորտում առաջին քայլերը նրան սովորեցրել է Հրանուշ Եղոյանը` «Սերգեյ Զվերև» արվեստի ակադեմիայում: Այնուհետև Մանեն շարունակել է վերապատրաստվել՝ մասնակցելով բազմաթիվ օտարերկրյա դասընթացների և մրցույթների: Հիմա էլ, երբ ձեռք է բերել և՛ պրոֆեսիոնալիզմ, և՛ ճանաչում, Մանե Սահակյանը չի դադարում մասնագիտանալ իր ոլորտում, վստահ է` դիմահարդարումը նորաձևության մի ճյուղ է, որը մշտապես պահանջում է սովորել: Մեզ հետ զրույցում Մանեն կիսվեց իր մասնագիտական հմտություններով և հայուհիներին փոխանցեց ճիշտ շպարվելու՝ իր խորհուրդները:

-Ինչպե՞ս եղավ Ձեր մասնագիտական անցումը երաժշտությունից դեպի դիմահարդարում:

-Հասկացա, որ ինձ մշտապես հետաքրքրել է նորաձևությունը, մասնավորապես՝ դիմահարդարումը։ Սկզբնական շրջանում՝ աշխատելով ինձ համար ամենահաջողակ, ամենագրագետ դիմահարդարներից մեկի՝ Հրանուշ Եղոյանի կողքին` որպես դիմահարդար և զուգահեռ մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների, մեծ փորձ ձեռք բերեցի։ Այնուհետև, 2014 թվականին ստեղծեցի իմ դիմահարդարման սրահը, որտեղ սկսեցի նաև դիմահարդարման դասընթացներ։ Այնուհետև, 4 տարի անց, հասկացա, որ միայն դիմահարդարումն արդեն քիչ է, և մենք ընդլայնվեցինք, ստեղծեցինք գեղեցկության սրահ, որտեղ մատուցվում են տարբեր ծառայություններ և աշխատում են բարձրորակ մասնագետներ։

-Դիմահարդարման ոլորտում, տասներեք տարվա մասնագիտական փորձի ընթացքում, ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել:

Գիտեք, տարիներ ի վեր լինելով այս ոլորտում, և մեծամտություն չթվա` լինելով կայացած, ես չեմ կարծում, որ ես ունեմ մրցակիցներ: Այս ոլորտում ես ունեմ շատ ընկերներ և ես իմ ընկերներին երբեք չեմ կարող համարել ինձ մրցակից: Իմ մոտեցումն այնպիսին է, որ ես երբեք մրցակցության մեջ չեմ դնում ինձ: Շատ դիմահարդարներ կան, որոնց աշխատելաոճը գուցե չեմ ընդունում, որոնք չունեն համապատասխան կրթություն կամ հմտացած չեն, բայց իրենց մասնագետ են համարում, իրենց առավել ևս մրցակից չեմ համարում, բայց և չեմ մեղադրում: Իրենք, եթե կարողանում են ոճ թելադրել մարդկանց թեկուզ 10% -ին, դա ողջունելի է, որովհետև ինքս էլ տասներեք տարիների ընթացքում ամեն ինչի հասել եմ աստիճանաբար:

Վերջերս գտնվում էիք ԱՄՆ-ում: Դիմահարդարման ի՞նչ նորամուծություն եք բերել Ձեզ հետ:

Ես հիմա նաև բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց Հայաստանի հետ կապս միշտ պահելու եմ: Վերջին շրջանում ես 6 ամիս մնացի ԱՄՆ-ում և նայելով այնտեղի ոճը` հասկացա, որ հայ աղջիկներն ամենուր ամենագեղեցիկն են, ամենախնամվածն են: Նորաձևության տենդենցներն անընդհատ կրկնվում են, մի ոճը մի ընթացք պասիվանում է, հետո նորից ակտիվանում: Պետք նշեմ, որ վառ գույները, փայլերը մեզ մոտ կրկին շատ ակտուալ են: Հատկանշականն այն է, որ իմ տարիների փորձը ինձ սովորեցրել է, որ անկախ տենդենցից, դու պիտի շարժվես հաճախորդի ոճով: Էական չէ, թե տվյալ շրջանում ինչն է ավելի ակտուալ, եթե հաճախորդն իրեն այլ ոճում ազատ չի զգում, դու չես կարող նրան ստիպել, որ դա է ակտուալ, և նա այդպես ընտրի: Մենք` մասնագետներս, միայն կարող ենք խորհուրդ տալ, թե ինչն է մոդայիկ այդ ժամանակահատվածում, բայց պետք է առաջնորդվենք հաճախորդի ուզած ոճով:

Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ում ևս դիմահարդարման սրահ բացեք:

Իրականում ինձ շատ են հարցնում այդ մասին, բայց ես դեռ նման որոշման չեմ հանգել: ԱՄՆ-ի հետ ունեցած իմ մասնագիտական նպատակներն այն են. ուզում եմ արտադրել իմ սեփական բրենդով կոսմետիկան: Չգիտեմ, թե այս առումով ծրագրերս երբ կիրականանան, բայց միանշանակ իրականացնելու եմ:

Երբևէ Ձեզ դիմե՞լ են շպարի միջոցով տարիքը կոծկելու խնդրանքով, կամ անհարթ և սպիով մաշկ ունեցողները խնդրե՞լ են թաքցնել թերությունները:

Ես չեմ ընդունում շպարի միջոցով մարդուն անճանաչելության հասցնելը, փոխելը: Ես իսկապես շատ եմ գնահատում և հարգում մեր տարեցներին, որովհետև, վստահեցնում եմ Ձեզ, նրանք շատ ավելի խնամված են, քան մենք` երիտասարդներս: Առանձնահատուկ մասնագիտական գաղտնիք կիրառել պետք չէ այդ պարագայում, միակ գաղտնիքն այն է, որ դու շպարելիս չկորցնես նրանց խնամվածությունը, փորձես նրանց ավելի պայծառ ցույց տալ: Ես միշտ աշխատում եմ շպարով չփոխել մարդուն, նրա դեմքի արտահայտությունը, եթե նա նման ցանկություն չի հայտնել, որովհետև դիամահարդարումը, ամեն դեպքում, պլաստիկ վիրահատություն չէ:

Ձեր սրահը միշտ լեցուն է և՛ հաճախորդներով, և՛ ուսանողներով։ Ի՞նչ ժամանակացույցով եք ընդունում ուսանողների, և արդյո՞ք հնարավոր է, որ Ձեր լավագույն ուսանողները հետո շարունակեն աշխատել Ձեզ մոտ:

Իրականում, մեր դասընթացները տարբերվում են մնացած բոլոր սրահների դասընթացներից, որովհետև մենք մեր ուսանողներին չենք հանձնարարում գնել, այլ տրամադրում ենք պրոֆեսիոնալ նյութեր ու վրձիններ, որոնք մնում է ուսանողներին նվեր, իսկ նյութերը ամբողջ ուսման ընթացքում տրամադրում է սրահը: Ես ուզում եմ, որ իմ ուսանողներն ամենասկզբից տարբերեն լավ և վատ վրձինը, սովորեն աշխատել պրոֆեսիոնալ նյութերով, իսկ հետո նրանք այլևս երբեք չեն աշխատի անորակ նյութերով և վրձիններով: Ուսման վերջում տրվում է վկայական։ Իմ բոլոր աշխատողները եղել են իմ լավագույն ուսանողները: Ամեն անգամ, երբ մեզ նոր դիմահարդար է պետք լինում, մենք բացում ենք մեր արխիվը, գտնում մեր լավագույններին և հրավիրում աշխատանքի: Մենք ունենում ենք նաև դասընթաց «Ինքդ քեզ դիմահարդար», որտեղ աղջիկները կարող են սովորել իրենք իրենց ճիշտ շպարել և ճիշտ կոսմետիկ միջոցներ ընտրել։