Այսօր` ապրիլի 15-ին, Ազգային ժողովում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության և ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի փակ հանդիպումը: Գոռ Հովհհանիսյանը հանդիպում է ունեցել նաև մյուս խմբակցությունների հետ: Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավորի թեկնածուն, անդրադառնալով նախորդ հանդիպումներին, նշեց, որ հիմնականում քննարկվել են իրավական հարցեր, սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի հետ կապված հարցեր:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպիսին էր տպավորությունները և արդյո՞ք չեն հնչել իր թեկնածությանը դեմ կարծիքներ, ՍԴ դատավորի թեկնածուն պատասխանեց. «Կարծում եմ, որ իրենց տպավորությունները լավ էին, զրույցն ինձ դուր եկավ, շատ ջերմ մթնոլորտով հետաքրքիր զրույց էր և հուսով եմ, որ ինքս էլ լավ տպավորություն եմ թողել: Իմ թեկնածությանը դեմ արտահայտվողներ չեն եղել»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՍԴ անդամի ժամկետի փոփոխության նախագծի ընթացիկ քվեարկության արդյունքներին, խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին և այն կարծիքներին, թե փոփոխությունները նրա համար են, որպեսզի մերժվի իր՝ ՍԴ դատավորի թեկնածությունը, Գոռ Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր դեպքերում, օրենքի փոփոխության արդյունքում, նոր թեկնածու տերմինը չի փոխվում: Եթե մենք ասում ենք, որ նախորդ խորհրդարանի որոշումները մեզ չեն կաշկանդում, ապա հետևողական լինելու դեպքում պիտի ասենք, որ նախորդ խորհրդարանի ընդունած ոչ մի օրենք մեզ այլևս չի կաշկանդում: Ստացվում է, որ այդպիսով երկրում քաոս կտիրի, այդ մոտեցումը, իմ կարծիքով, խախտում է իրավական անվտանգության սկզբունքը, որովհետև խորհրդարանի ընդունած որոշումների պարտադիրության տեսանկյունից, ոչ մի նշանակություն չունի, որ ընտրությունների արդյունքում փոխվել է խորհրդարանի կազմը: Օրենքը մնում է, եթե անգամ տվյալ օրենքն ընդունած խորհրդարանի կազմն այլևս գոյություն չունի»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը: Խոսելով իշխանական պատգամավորների` իր թեկնածությանը կողմ չլինելու վարկածից և դրա պատճառներից, դատավորի թեկնածուն ասաց, որ նման բան չի լսել, պատճառները չգիտի և պատճառներ չի էլ տեսնում:

Թե ինչպիսին կլինի Գոռ Հովհաննիսյանի դիրքորոշումը ՍԴ դատավոր չընտրվելու դեպքում, նա պատասխանեց. «Այդ որոշումը կընդունեմ որպես իմ օգնության առաջարկի մերժում, որովհետև ես մասնակցել եմ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի մրցույթին մեկ մտքով և նպատակով. ես կարծում եմ, որ Հայաստանում, սահմանադրական իրավունքի ոլորտում, շատ լուրջ անելիքներ կան: Աշխարհը շատ արագ զարգանում է, հետևաբար, զարգանում են իրավունքները, ու քանի որ ես աշխատում են նաև աշխարհի մակարդակով իրավունքի առաջատար երկրում` Գերմանիայում, համեմատելով Հայաստանի հետ և նայելով եվրոպական երկրների իրավունքի զարգացման տեսանկյունից, հասկանում եմ, որ մեզ մոտ իրավունքի զարգացումը դադաղ է տեղի ունենում: Ամեն դեպքում, ինձ համար գոհացուցիչ չէ: Ես կարծում եմ, որ կարող եմ օգնել Հայաստանում սահմանադրական իրավունքի արագ զարգացման հարցերում: Այդ առումով, ես իմ օգնությունն եմ առաջարկում մեր պետությանը, որովհետև իմ աշխատանքային փորձով և գիտելիքներով, կարծում եմ, որ հաստատ կարող եմ»,-եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ