«Լսել եմ որ #SutNikol հեշթեգով ակցիա են սկսել, բայց այդ թեմային անդրադառնալ և առավել ևս դրան մեկնաբանություն տալը հարկ չեմ համարում, քանի որ, ես ինքս էլ չեմ հետևում այդ ակցիային և չեմ կարդում, թե ինչ գրառումներ են անում համացանցում»- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթների ընթացքում տվել է առիթ, որպեսզի հիմա` որպես սուտ առաջ բերեն, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Եթե նայենք աշխարհի լավագույն գործիչներին, առաջնորդներին, ապա չենք գտնի անթերի գործչի, կամ, որ չկա ավել բան, որ պիտի անեն գործունեության ընթացքում: Կան մարդիկ, նաև մեր հասարակության մեջ, որ անհամբեր են և, բնականաբար, բոլորս անհամբեր ենք արդյունքների արձանագրման հարցում: Այս ամենն այդ տիրույթում եմ դիտարկում»-ասաց Մակունցը:

Խոսելով ակցիայի հետևանքների և հասարակության մեջ դրա ազդեցության մասին` պատգամավորը նշեց, որ ոչ միայն հույս ունի, այլև վստահ է, որ հասարակությունը կարող է ճիշտն ու սխալը զանազանել: «Թավշյա հեղափոխության օրերին արձանագրվեց, որ կա քննադատական միտք, բայց հասարակությունը պատրաստ է ճշտել, տարբերել հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից և, առհասարակ, համադրել տեղեկություններն ու անել սեփական եզրակացությունը երևույթների վերաբերյալ: Ես հակված եմ նրան, որ Հայաստան

ի Սահմանադրությունը սահմանում է յուրաքանչյուրի խոսքի ազատության չափը, և մարդիկ գործում են այս տիրույթում»-եզրափակեց Լիլիթ Մակունցը: 

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ