«Դեռ գործնական փուլ չենք մտել, բայց նախագիծ կա արդեն արևմտահայերենի պահպանությամբ զբաղվելու համար»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը: Պատգամավորը նշեց, որ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն արևմտահայերենը ներառել է աշխարհի վտանգված լեզուների մեջ, իսկ արևմտահայերենի երաշխավորը, պահպանողը և հաջորդ սերունդներին փոխանցողը միայն Հայաստանի Հանրապետությունն է:

«Հայաստանում միայն արևելահայերեն են խոսում, և մեր լեզվի մյուս ճյուղը` արևմտահայերենը, որը մեծագույն մշակութային արժեք է, թողնված է միայն սփյուռքի հույսին: Մենք նկատում ենք, որ սփյուռքում նույնիսկ արևմտահայերենի վտանգվածության խնդիր կա, որովհետև ինչքան սերունդը փոխվում է, այնքան ավելի շատ անգլերենի ազդեցություն ենք նկատում, քան արևմտահայերենի»,-ասաց Նարինե Թուխիկյանը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում նախագծի իրագործումը, պատգամավորը պատասխանեց. «Ես խոսել եմ գիտնականների մի խմբի հետ, ովքեր ևս կիսում են իմ այս մտահոգությունը: Մենք միասին կհասկանանք, թե ինչ և ինչպես կարող ենք անել: Կարող է դա չլինել նոր օրենքի տեսքով, այլ լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեն: Այժմ, իմ խնդիրն է հավաքել թիմ, որը մտահոգ է լեզվի պահպանմամբ, այդ թվում՝ գիտնականներ, մասնագետներ, և հարցը դրվի բացառապես մասնագիտական հիմքի վրա, որպեսզի հետագա անելիքները պարզ լինեն: Տարբեր ճանապարհներ կան, թե ինչպես այս նախագիծը շրջանառության մեջ դրվի և դա մասնագետները կասեն, ես առաջարկում եմ` այն հասցնել մասնագիտական հիմքի: Ուզում եմ, որ այս հարցը դիտարկեն` իբրև կարևորագույն հարց, մշակույթի մեջ վտանգված կարևորություն, այլապես տարիներ անց արևմտահայերենը կարող է գրքերում մնալ և ոչ մեկին պետք չլինել, ոչ մեկը չտիրապետի և չհասկանա»,-ասաց Նարինե Թուխիկյանը:

Անդրադառնալով նախագծի ընդունման հավանականությանը, պատգամավորը վստահ է, որ կընդունվի. «Ես կարծում եմ, որ իհարկե կընդունվի, որովհետև այս նախագիծը արևմտահայերենով խոսող մեր հայրենակիցների թթվածինը պիտի լինի հենց իրենց հայրենիքում»,-եզրափակեց Նարինե Թուխիկյանը` հավելելով, որ արևմտահայերենի պահպանությանբ, հայապահպանությամբ պետք է զբաղվեն Հայաստանի իշխանությունները, որովհետև մեր լեզվի պահպանման միակ երաշխավորը մեր պետությունն է:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ