«Մինչև հունիսի 1-ը կներկայացվի համաձայնագիր, որտեղ կլինեն սահմանին գազի գնի ձևավորվող մեխանիզմները, այսինքն, հարցը հնարավորինս կհստակեցվի և կկայունացվի այս առումով, և այդ համաձայնագիրը կլինի առնվազն հնգամյա»,-այս մասին հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով` բանակցությունները երկարում են, որովհետև բավականին բարդ հաշվարկներ են ընթանում և փոխհամաձայնության որոշակի խնդիրներ կան: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի շանսեր գազի գնի շուրջ բանակցություններում հօգուտ մեզ արդյունք գրանցելու համար, Բաղրամյանը պատասխանեց.

«Ես մի բան կարող եմ խոստանալ, որ եթե պատգամավորների քվեով ընտրվեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, ապա ամեն ինչ պետք անեմ, որ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սահմանված գներն արդարացված լինեն: Կարծում եմ, որ կարևորագույն հարցը պետք է լինի դա և մենք ունենանք սպառողների վստահություն, այն առումով, որ եթե սահմանված է մեծ գին, ապա այդ գինը արդարացված է և տնտեսապես հիմնավորված: Այլ հարց է, որ սպառողների որոշակի զանգվածի մոտ, գնի հետ կապված՝ կարող են դժգոհություններ լինել: Կարծում եմ, որ դրանք չպետք է կապվեն մասնագիտական կառույցի հաշվարկների հետ»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Մամուլում շրջանառվող լուրերին, թե իր ՀԾԿՀ նախագահության թեկնածությունը ռուսական կողմի հիմք ունի, Գարեգին Բաղրամյանն արձագանքեց. «Ենթադրում եմ՝ նկատի ունեն Սամվել Կարապետյանին: Ասեմ, որ նրան մոտիկից երբևէ չեմ տեսել: Կարեն Կարապետյանի հետ շփվել եմ մի քանի անգամ` քննարկումների տեսքով, երբ նա վարչապետ էր»,-ասաց Բաղրամյանը:

Անդրադառնալով վարկածներին, թե իր պաշտոնը պայմանավորված է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ ունեցած խնամիական կապով, Բաղրամյանն ասաց. «Այո՛, ես և Արթուր Վանեցյանը բաջանաղներ ենք արդեն մոտ տասնչորս տարի: Վանեցյանը տասնութ տարուց ավել է՝ աշխատում է ԱԱԾ-ում, ես քսան տարի այս համակարգում եմ և չեմ կարծում, թե իմ պաշտոնում նշանակվելը կապ ունի: Արթուր Վանեցյանն ինձ չի աջակցել իմ պաշտոնը զբաղեցնելու հարցում, առավել ևս՝ ես` իրեն»,- եզրափակեց Գարեգին Բաղրամյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ