Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկեց քննարկել և քվեարկության դնել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը։

Քննարկեցին: Քննարկմանը, սակայն, ներկա չէր ինքը՝ Ջանջուղազյանը: Աժ նիստին նախարարի չներկայանալն իր հերթին, դիտվեց անհարգալից վերաբերմունք կառույցի նկատմամբ, սակայն երբ եկավ որոշում կայացնելու պահը, Ազգային ժողովը չընդունեց ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Ջանջուղազյանը ներկայացել էր Ազգային ժողով առանց պատրաստվելու, առանց ներկայացնելու իրենց  հարցերի պատասխանները. «Հարցեր, որոնք հուզում են նաև հասարակության լայն շերտերի։ Հարցեր, որոնց պատասխանները պետք է լինեին կառավարության կառուցվածքի ծրագրում, բայց չկային։ Այդ հարցերի պատասխանները մենք չստացանք նաև պարոն Ջանջուղազյանից։ Եւ այդպիսի անպատրաստ վերաբերմունքը, այսօրվա չներկայանալը իր պաշտոնանկ անելու քվեարկության գործընթացին, կրկին ապացուցում է նրա անհարգալից վերաբերմունքը Ազգային ժողովի նկատմամբ, ինչը խորհրդարանական կառավարում կերտող երկրին անհարիր ենք համարում»,-ասաց Գորգիսյանը։

Հարցին, թե արդյո՞ք որևէ անձնական միտում չկար, պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, չկա անձնական միտում։ Մենք անձնական դաշտ չենք տեղափոխում քաղաքականությունը։ Փորձում ենք վարել դասական քաղաքականություն»։

Այսօր Ազգային ժողովին չներկայանալու հարցին անդրադարձել է նաև Ատոմ Ջանջուղազյանը, նշելով, որ իր ներկա լինելն օրենքով պարտադիր չէ։

 

 

 

Ասպրամ Փարսադանյան