«Եթե հիշում եք անցյալ տարի սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումների գումարը, ապա կտեսնեք, որ տոնակատարությունների համար պարբերաբար հատկացվում են գումարներ: Ես կարծում եմ, որ «Քաղաքացու օրը» նշելու համար պետք է հատկացվի գումար, բայց այստեղ մի կարևոր շեշտադրում կա, որ «Քաղաքացու օրը» 124 միլիոն դրամով նշվելու է ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով «Քաղաքացու օրը» նշելու համար Կառավարության կողմից տրամադրված գումարին:

Նրա խոսքով՝ գործընթացն արվում է տոնակատարությունների անցկացումը ապակենտրոնացնելու համար` հնարավորինս սեղմ գումարների մեջ տեղավորվելով:

 ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչ կառույցներ են զբաղվելու այդ օրվա ծրագրերով և ինչ է նախատեսված, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Քաղաքացու օրը նշելու ծրագրերի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը առաջիկայում կտեղեկացնի, ես այժմ չգիտեմ և չեմ կարող ասել: Կառավարությունը շուտով հանդես կգա ասուլիսով»:

Արձագանքելով հարցին, թե քաղաքացիների համար ավելի լավ չէ՞ր լինի առկա խնդիրները լուծել այդ գումարներով, Լիլիթ Մակունցն ընդգծեց. «Դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են: Իհարկե, համաձայն եմ, որ պետք է աշխատել խնդիրների ուղղությամբ»:

Անդրադառնալով այս օրերին Աժ նիստերի ընթացքին, Լիլիթ Մակունցը նկատեց, որ լարվածություն կա. «Լարվածությունը, այսպես ասեմ` էմոցիոնալ ֆոն: Դա պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ եղել են դիտարկումներ, կարծիքներ, որոնք եղել են անձնական տիրույթում: Չեմ ուզում անդրադառնալ դրան, որովհետև էմոցիոնալ ֆոնը պետք է վերացնել, այլ ոչ թե դրան ընթացք տալ: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր գործիչներն անում են այն, ինչ իրենք պետք է անեն, այսինքն՝ պարբերաբար քննադատում են թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին: Դա նորմալ երևույթ է, ավելին ասեմ՝ ժողովրդավարական պետության մեջ կարևորագույն բաղադրիչներից մեկն է»,-ասաց Լիլիթ Մակունցը` հավելելով, որ այդ առումով քննադատություն չի անի: