«Ցավոք, մի քանի հազար մարդկանց կյանքեր փրկելուն զուգահեռ, ԱԻՆ-ը ունենում է նաև զոհեր։ Ոզում եմ մեր բնակչությանը կոչ անել բարձրացնել զգոնությունը, որովհետև մենք հաճախ դեպքերի մասին տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե տուժողից, այլ պատահական անցորդից։ Նա այդ պահին դառնում է փրկարար, ինքը օգնում է փրկարարի աշխատանքին»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ըստ Ցոլակյանի՝ ԱԻՆ-ը այսօր հասել է այն մակարդակի, որ արդեն կարող է օգնության ձեռք մեկնել բարեկամ երկրներին։ Նախարարը հիշեցրեց վերջերս Հայաստանի ավտոշարասյան՝ Իրանի իսլամական հանրապետություն այցը՝ կապված ջրհեղեղի հետ։ Ֆելիքս Ցոլակյանը հիշատակեց վերջին մի քանի ամիսներին ձեռք բերված հաջողությունները, մասնավորապես, նշելով փրկարարների համազգեստի լուծված խնդիրը, փրկարարի վառելիքի հարցը, փրկարարներին պարգևավճարներ տալը, ընդ որում, տարվա մեջ չորս անգամ՝ աշխատավարձի չափով։ Տեխնիկակական աջակցության տեսակետից տարեսկզբին Ճապոնիայի կառավարության կողմից տասը ամենագնաց մեքենաներ հատկացնելը։

 

«Այսօր փրկարար ծառայությունը ավելի շատ հետևանքներ վերացնող ծառայություն է, քան կանխարգելող, մենք ուզում ենք փոխել կարգավիճակը նախարարության, շատ լավ կլինի, որ կարողանանք կանխարգելման ֆունկցիաները կատարել»,-ասաց նախարարը։ Անդրադառնալով ԱԻՆ-ը ոստիկանությանը միացնելու մասին թեմային, Ցոլակյանը հայտարարեց, որ իր կարծիքը կարող է սուբյեկտիվ հնչել այս հարցի շուրջ, քանի որ նախարարն ինքն է։

«Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիաներ ունի, և իր հիմնական դերը դա է, ԱԻՆ-ը՝ ավելի հումանիտար, մի օրինակ բերեմ. 92 թվականից ԱԻՆ-ը պետության կողմից, պետության միջոցներով որևէ տեխնիկական հագեցվածության խնդիր գրեթե չի լուծել։ Տեխնիկայի 90 տոկոսը ձեռք է բերվել հումանիտար օգնության միջոցով, միանալու դեպքում՝ հումանիտար օգնությունը բացառվում է, հումանիտար և պատժիչ գործունեությունն իրար հետ չեն բռնում, պարտադիր չի գործեն միասին, մի հատ էլ նոր սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին դեմ եմ»,-ասաց Ցոլակյանը։