Ազգային ժողովում վերջին օրերին հնչող փոխադարձ մեղադրանքներում գերակայում է ընդդիմության քննադատությունը գործող իշխանությունների հասցեին առ այն, որ վերջիններս պարզապես հիմքից կազմաքանդում են գործող գործարանները: Իշխանության հակափաստարկն էլ, իհարկե, այն է, որ քանդելու փոխարեն դեռ մի բան էլ նորերն են գործարկել: Սակայն արդյո՞ք դա այդպես է և ի՞նչ ճակատագիր են ունեցել Փաշինյանի կողմից մեկ տարվա ընթացքում բացված գործարանները:
 
Մի քանի ամիս առաջ  Փաշինյանը Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը: Ըստ էության, այդ գործարանի բացումից հետո վերջինիս մասին հանրությունն այլևս չի լսել:
 
2018թ. դեկտեմբերի 5-ին վարչապետ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Հաղորդվում էր, որ «նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և այլն: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ-ի երկրները»: Սկզբում տարածվեց տեղեկություն, որ այս գործարանի աշխատանքները կասեցվել են բացումից չորս ամիս անց: Գործարանից շտապեցին հերքել, սակայն հերքումն էլ իր հերթին, մեղմ ասած, անատամ էր: Ուշագրավ է, որ գործարանի բացման օրը զրուցելով լրագրողների հետ, Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել սպասելիքների մասին, սակայն վեց ամսից կարող են միասին գալ և տեսնել, թե ինչ է կատարվում, որպեսզի հասկանան` սպասելիքներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ: Ըստ երևույթին՝ երկրորդ տարբերակը...
 
Դեռևս հասկանալի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում Սևանի շաքարի գործարանին, որի վերագործարկման մասին Փաշինյանը հայտնել էր ամիսներ առաջ: Մինչդեռ ակհայտ է, թե ինչ ճակատագրի են արժանանում Հայաստանի մյուս գործարանները, որոնք կանգնած են փակման շեմին կամ էլ պարապուրդի են մատնված: Իսկ գուցե այդ գործարանները բացելու նպատակ իշխանությունները երբևէ չեն էլ ունեցել և նրանց ընդամենը անհրաժեշտ էր ներդրումային ակտիվության բուռն իմիտացիա՞ ստեղծել, հատկապես՝ քանդվող տնտեսության ֆոնին…