Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր խոսելով Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու թեմայի մասին, նշել է, որ Արցախի հարցում վաղուց պետք է լիներ ճանապարհային քարտեզ, որտեղ օրենսդրական ամբողջ քայլերով Հայաստան-Ղարաբաղ կինտեգրվեր․ «Երբ որ Հայաստանում ապրածը գնում ա ապրելու էդ տարածքում, իրան ազատագրված հողերի վրա վկայական չեն տալիս, հարց ա ծագում, ինչի՞ համար, խի՞ չեք տալիս, ղարաբաղցի, հայաստանցի եք ընտրու՞մ, թե՞ պատճառը ուրիշ ա։ Ձևական ասել՝ մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց գործնական խոչնդոտներ ստեղծել, օրենսդրական անջրպետներ ստեղծել՝ ես համարում եմ՝ ճիշտ չի։ Ինչ վերաբերում ա էս փուլում ձևական հայտարարությանը, որ պետք ա միանանք, էն մեկն էլ ասում ա՝ չէ՛, մենք առանձին պետություն ենք, էս փուլում սխալ եմ համարում միացումը»,- ասել է նա։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանն անդրադառնալով վերոնշյալ հայտարարություններին՝ նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել ներքաղաքական զարգացումների ներքո․ տարբեր ուժեր են մասնակցում ընտրություններին, յուրաքանչյուրն իր քարոզն է անում և իր տեսլականն է ներկայացնում։ 2020թ․ պետք է լինեն նախագահական ընտրությունները, սակայն փոքր-ինչ շուտ է մեկնարկել ներքաղաքական խնդիրները, բայց դա ևս բնորոշ է ժողովրդավարական երկրին։ 

Անդրադառնալով հայաստանցիների-արցախցիների միջև տարբերություն  դնելու հանգամանքին՝ նշեց, որ խտրականություն լինել չի կարող, եթե պայքարում բոլորը միասին են, մնացած դեպքերում էլ հավասարություն պետք է լինի․ «Որքանով տեղյակ եմ վկայականի խնդիր չկա։ Կարծում եմ՝ տների, բնակարանների սեփականության շուկան ազատ է՝ անկախ քաղաքացիությունից, չի կարող լինել որևէ խտրականություն, քանի որ դա  անթույլատրելի է։ Բոլոր գոյամարտերին ողջ հայությունն է մասնակցել և ամենավճռորոշ դերակատարությունը եղել է ղարաբաղցիները, բայց դա չի նշանակում, թե մենք դրանով չարաշահումներ պետք է անենք։ Հետևաբար, բոլորը պետք է օգտվեն բարիքներից օրենքի սահմաններում։ Եթե պայքարում բոլորը միասին են, ո՞նց կարող է մյուս դեպքերում խտրականություն լինել»,- նշեց նա։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ որ մի ժողովուրդ ենք՝ փաստ է, որևէ մեկը չի կարող հակափաստարկ ներկայացնել․ «Բայց այն, որ 2 պետություն ենք, սա էլ է փաստ։ Մեզ համար վերջնանպատակ է միացյալ հայոց հզոր պետության ձևավորումը և դրա ճանապարհին ենք։ Բայց չէ՞ որ կան նաև օրենքներ։ Արդյո՞ք ՀՀ խորհրդարանական ընտրություններին Արցախը պետք է մասնակցի, թե ոչ։ Իհարկե՝ ոչ, որովհետև մենք այլ պետություն ենք։ Փաստացի մեկ հայրենիք ենք, բայց մասնակցե՞լ ենք այս տարիների ընթացքում։ Այսինքն՝ պետք է սահմադրությունը, արցախյան պետականությունը վերացնե՞նք», - ասաց նա՝ նշելով, թե բոլոր հայերն էլ ուզում են, որ միասնական Հայաստան լինի, բայց դրան ձև կա։ 

Ըստ նրա՝ Հայաստանի ու Արցախի երկու պետություն լինելն ամենևին չի նշանակում, որ դրանք երկպառակտված են, ընդհակառակը՝ դա մեր անվտանգության գրավականներից է․ «Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է մեր հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, և եթե Արցախը սուբյեկտ լինելը կորցնում է, դառնում է լոկ տարածք, օբյեկտ։ Մենք ուզո՞ւմ ենք դա լինի, իհարկե չենք ուզում։ Հասկանալով, որ կան ներքաղաքական խնդիրներ կան, սակայն բոլոր ողջամիտ, հայրենասեր մարդկանց համար կա մեկ տեսլական՝ մենք ընդհանուր, միասնական հայրենիք ենք, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ստիպված ենք եղել ստեղծել 2 պետություն։ Մեր վերջնանպատակն, այո՛, միացյալ, հզոր հայկական պետության ձևավորումն է, մենք միասնական հայրենիք ձևավորել ենք, երկրորդ փուլը միասնական պետություն ձևավորելն է, որը ժամանակի խնդիր է»,- նշեց Բաբայանը։