Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է հեռուստահաղորդումների որակի բարձրացման հարցը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հեռուստաեթերի որակը բարձրացնելու համար:

«Վերջերս կառավարությունում այդ թեմայով քննարկում էր, խոսում էինք սերիալների որակի ամսին: Տեսնելով, որ Հայաստանում սերիալները բավական պոպուլյար են, կարծում ենք, որ ճիշտ կլինի դրանց որակը բարձրացնելով, մտցնել կրթական բաղադրիչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ հեռուստասերիալներից բացի պետք է ուշադրություն դարձնել հաղորդումներին: Ըստ ՀՀ վարչապետի՝ արդեն եթերում կան հաղորդումներ, որոնք դրական արձագանք են ստանում հասարակության շրջանում, բավական հետաքրքրություն կա «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է ավելին լինեն կրթական, դաստիարակչական բաղադրիչներ պարունակող հաղորդումները:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց  մի նոր ծրագիր, որն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Խոսքը «E-cult» նախագծի մասին է, որ դպրոցականներին հնարավորություն կտա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոն, համերգասրահ թանգարան: Վարչապետը տեղեկացրեց, որ dasaran.am-ում կտեղադրվի համապատասխան գործիք, որով աշակերտները հնարավորություն կունենան ձեռք բերել մշակութային օջախներ հաճախելու տոմսեր: