ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատան միջադեպի ժամանակ իր արձագանքը ճիշտ է համարում:

Այս մասին վարչապետն ասաց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպերին, որոնցից մեկը վերաբերում էր մաքսատան աղտոտվածությանը և պետական դրոշին, իսկ մյուսը՝ աշխատակիցների նկարահանած տեսանյութին, որում քաղաքացին մտնում է ուղեբեռի ստուգման համար նախատեսված սարքի մեջ:

«Երկու դեպքն էլ բացառապես նույն է, նույն երևույթի տարբեր կողմերն են: Հանրային վրդովմունք կա տեսանյութի վերաբերյալ, որ մի տղայի են նկարել, ով ուղեբեռի համար նախատեսված հատվածով անցնում է: Հանրությունը հորդորում է ազատել այն աշխատակիցներին, ովքեր նկարահանել են այդ ամենը, սակայն, ինչո՞ւմն է տարբերությունը: Նա ով անարգում է դրոշը, անարգում է քաղաքացուն, իսկ նա ով անարգում է քաղաքացուն, անարգում է դրոշը»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ առանց քաղաքացու չկա դրոշ ու հակառակը:

Նրա խոսքով՝ մաքսատան իր գործողությունների մասին շատ է մտածել և իր կարծիքով արձագանքը ճիշտ է եղել:  Փաշինյանը նկատեց, որ ցանկացած տեղ այցելելիս դրոշի կամ զինանշանի նկատմամբ նմանատիպ վերաբերմունք տեսնելիս անպայման նույն կերպ կվարվի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատուն է այցելել ապրիլի 9-ին, որտեղ նրան զայրացրել է Նորագավիթի մաքսատան տարածքի ոչ մաքուր վիճակը: