Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են դպրոցական համակարգում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ «հայր» և «մայր» բառերն այսուհետև կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով:

«Այս փոփոխությունը կատարվում է՝ նպատակ հետապնդելով օրենսդրության մեջ ամրագրել ընտանեկան բազմազանության ձևերը»,- հայտնել է «Առա՛ջ, հանրապետությու՛ն» նախագահական կուսակցության պատգամավորներից մեկը՝ Վալերի Պետին, ով քվեարկության էր բերել նախագիծը:

Տիկին Պետին ընդգծել է, որ դպրոցական փաստաթղթերի կազմման ժամանակ մինչ օրս հաշվի չեն առել միասեռական ընտանիքների գոյությունը, մինչդեռ «բոլորի համար ամուսնության» վերաբերյալ օրենքն ընդունվել է դեռևս 2013-ին:

«Սակայն անգամ այսօր մենք ունենք ընտանիքներ, որոնք բախվում են այնպիսի խնդիրների, որոնք ծագում են հնացած սոցիալական մոդելներից: Մենք այս միջոցի կիրառումը համարում ենք մեկ քայլ առաջ դեպի սոցիալական հավասարություն»,- ավելացրել է Ժենիֆեր դե Տեմերմանը՝ իշխող նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր:

Իր հերթին կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն և պատգամավոր Անն-Քրիստին Լանգը՝ կրթության մասին նոր օրենքի նախագծի զեկուցողը, դեմ են արտահայտվել փոփոխությանը՝ հայտնելով, որ դրա ընդունումը «չի վերաբերում օրենսդրության ոլորտին»:

Քսավյե Բրետոնը՝ ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչը, կարծում է, որ օրենքի փոփոխության նախագիծը «քաղաքական կամքի դրսևորում է, որը չի համապատասխանում իրական վիճակին»: «Երբ լսում եմ հնացած սոցիալական մոդելի մասին, ցանկանում եմ հիշեցնել, որ ամուսնական միությունների ավելի քան 95%-ը կայանում են կանանց և տղամարդկանց միջև»,- հայտնել է պատգամավորը: