Ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը Արցախի թիմը կներկայանա բացառապես արցախցի ֆուտբոլիստներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

«Արցախի Հանրապետությունը, լինելով ազգային եւ համամարդկային արժեքների կրող, կարեւորելով եւ ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու և երկրների և ժողովուրդների միջև կամուրջներ գցելու Conifa-ի նախաձեռնությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել առաջնությունը»,-ասաց նախարար Նարինե Աղաբալյանը: Վերջինիս խոսքով` այս առաջնության պատմության մեջ խաղերը կկազմակերպեն միաժամանակ 4 մարզադաշտում` Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու դաշտերում:

«Մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախն այնպիսին, ինչպիսին կա։ Ցավալիորեն, վերջին տասնամյակների ընթացքում Արցախը միշտ ներկայանում է քաղաքական շղարշի տակ, ինչը թույլ չի տալիս ճանաչելու իրական Արցախը»,-շեշտեց Աղաբալյանը:

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով Արցախի թիմն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել առաջնությանը:

«Արցախի թիմի բոլոր ֆուտբոլիստները արցախցիներ են»,-շեշտեց Դանիելյանը:
Արցախում կայանալիք գավաթի խաղարկությանը կմասնակցի ընդհանուր առմամբ 12 թիմ, որոնք բաժանված են 4 ենթախմբի:

Խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը դուրս կգան հաջորդ` ¼ փուլ: Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության բոլորը հանդիպումները կանցկացվեն Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Թիմերն ըստ խմբերի բաժանվել են.

A խումբ - Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա։

Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսին: