Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պորոշենկոյի նախընտրական բանավեճը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունն ավարտվել է ազգային օրհներգի և Վլադիմիր Զելենսկու ազգանվան վանկարկումների ներքո:

Պյոտր Պորոշենկոն իր եզրափակիչ խոսքում հայտնել է, որ կընդունի ապրիլի 21-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

«Ընտրությունների հաջորդ օրը կյանքը շարունակվելու է: Ամսի 22-ին մենք պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանենք երկիրը: Կարևորն այն չկորցնելն է»,- նշել է նա:

Վլադիմիր Զելենսկին իր հերթին նշել է իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատավորների և պատգամավորների անձեռնմխելիության չեղարկում, նախագահին անվստահություն հայտնելու օրենքի ընդունում, աշխատավարձերի բարձրացում և ենթակառուցվածքների բարելավում:

«Իսկ ճանապարհների մասին ես ասելիք չունեմ, որովհետև ճանապարհներ չկան»,- նշել է Զելենսկին:

Նախագահի թեկնածուների միջև ձեռքսեղմում չի եղել, իսկ Պորոշենկոն Զելենսկու հեռանալուց հետո վերադարձել է տրիբունա, որպեսզի ևս մեկ անգամ դիմի հանրությանը:

«Մի քանի ժամից ավարտվում է նախընտրական պայքարը: Պետք է բոլորին ոտքի հանել ոչ միայն Կիևում, այլև արևմուտքում, որովհետև միայն այդպես մենք կարող ենք հաղթել»,- ասել է գործող նախագահը:

Մարզադաշտում թեկնածուների բանավեճին հետևել է շուրջ 60 հազար մարդ: