Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում, որը կանցկացվի ապրիլի 24-ին:

«Ապրիլի 24-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվայում է լինելու միջազգային անվտանգության VIII Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ կքննարկվի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն սպեկտր:

«Դրանց թվում են՝ Եվրաատլանտիկայում ռազմաքաղաքական իրավիճակի ապաէսկալացիայի կառուցողական երկխոսության վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ահաբեկչության, թմրասպառնալիքի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաեւ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությունը»,- պարզաբանել է նա: