Պատվաստում են, հավերը ձու չեն ածում, չեն պատվաստում՝ սատկում են։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ Անահիտը, որի հավերից 30-ը սատկել է,  քանի որ ըստ նրա՝ գյուղապետարանից կամ անասնաբույժի կողմից պատվաստում այս ընթացքում չի արվել. «Ստիպված գնացել եմ, դեղ եմ առել, 30 հավ սատկել է, էլ ինչ անեմ»,- ասաց բնակիչը։

NEWS.am-ը զրուցեց նաև Լոռու մարզի Կուռթանի գյուղապետ Մհեր Գևորգյանի հետ։ Ըստ նրա՝ այդ խնդիրը դեկտեմբեր ամսից է, և հավերի անկումը սովորական երևույթ է, միշտ էլ եղել է. «Ստեփանավանում և կարելի է ասել՝ Լոռու մարզի ամբողջ տարածքում այդ վիճակն է: Ովքեր որ չեն պատվաստում, հավերը սատկում են: Չեմ կարող ասել, թե ինչու մյուս մարզերում չկա, գուցե մեկ ամիս հետո էլ մյուս մարզերում լինի»,- ասաց համայնքապետը։

Նա պատմեց, որ հավերը եղել են «հոգեվարքի մեջ». «Կոնկրետ իմ մայրը չի թողնում, որ մեր հավերին պատվաստեն։ Ինքը «մարգանցովկայով» կամ սխտորաջրով դեղ է պատրաստում և բուժում: Մեր տանը դեռ հավերի անկում չի եղել»։ Նրա խոսքով՝ հիվանդությունը կրկնվում է․ վերջին անգամ 4 տարի առաջ գարնանն է եղել հավերի նմանաիտիպ անկում։ Իր ղեկավարած համայնքում 10-15 տնտեսությունում հավերի անկում կա։

Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը այլ պատճառ նշեց, ըստ նրա՝ 5 օրվա ձվակտրման պատճառով հավերին չեն թողնում անասնաբույժը պատվաստի, եւ ենթադրեց, որ հավերի մոտ ճիճվային հիվանդություն է․ «Ժամանակին որ «մարգանցովկայով» լուծույթ սարքեի,ն տային, այդպես չէր լինի: Մարդիկ կան, որ ասում են 20 հատ առել եմ, չեմ պատվաստել, ու չեն սատկել: Խոսքը համաճարակի մասին չէ: Դա իրականում լուրջ խնդիր չէ»,- ասաց գյուղապետը։

Ըստ նրա՝ հավերի անկման հիմնական մեղքը հավի տիրոջն է, տնային պայմաններում հնարավոր է բուժել, և անկման չհասցնել։ Գյուղապետի խոսքով՝ Լոռի Բերդ համայնքում հավերի անկում եղել է մոտավորապես 15-20%-ի տնտեսություններում, իսկ իր հավերը առողջ են․անկում չկա։

Մի քանի ընտանիքում, որ հավի անկում է լինում, սկսում են ուռճացնել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու անասնաբույժ Արմեն Ջախինյանը՝ հերքելով լուրը, թե Լոռու մարզում հավերի մասսակայան անկում կա. «Գնում ենք պատվաստելու, ասում են՝ Զատիկը անցնի, նոր եկեք, դեղը ներարկեք, հիմա որ պատվաստեք, ձու չեն ածի։ Վերջում էլ սատկում են, փոխարենը դիմեն մասնագետին, դիմում են նախարարություն կամ մարզպետարան։ Մտածում են՝ հատուցում ստանան իշխանություններից։ Իրենց հավերը մկնդեղ ուտում սատկում են, պետք ա իշխանությո՞ւնը փոխհատուցում անի»,- նկատեց անասնաբույժը՝ հավելելով, որ հիվանդության պատճառ կարող են լինել եղանակային փոփոխությունները, կերակրային թունավորումները, ինֆեկցիոն և պարազիտային հիվանդությունները. «Ես մի քանի անգամ գնացել տեսել եմ, կարծում եմ, որ լարինգոտրախեիտ հիվանդությունն է։ Դեռ լաբորատորիայից չեն եկել պատասխանները, հստակ ոչինչ չկա»,- ասաց մարզի անասնաբույժը։

ՍԱՊԾ Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը NEWS.am-ին հայտնեց, որ տեղեկություն չունեն հավերի մասսայական անկումների վերաբերյալ. «Եղել են մի քանի բնակիչներ, դիմել են մեր կենտրոն, և դա նորմալ երևույթ է։ Բնակչի տեղեկությամբ, եթե տեսնում ենք որոշակի համաճարակային խնդիր կա, ապա անցկացնում ենք ուսումնասիրություն, և ուղարկում ենք լաբորատորիա: Այս շրջանում երկու դեպք ունեցել ենք: Մեկ դեպքը՝ Կուռթանում, մյուսը՝ Վարդաբլուրում: Լաբորատորիան Վարդաբլուրի դեպքի վերաբերյալ ախտորոշել է ճիճվային վարակվածություն: Կուռթանի դեպքից դեռ պատասխան չկա»,- նշեց նա։

«Պատվաստումը փրկչային չէ, դա իրականացվում է մեկ կամ երկու հիվանդության նկատմամբ: Իսկ կենդանիները, մասնավորապես, թռչունները հազար տեսակի հիվանդությամբ են վարակվում: Ճիճվաթափության դեպքում՝ գյուղացին պետք է հասկանա, կամ գյուղի անասնաբույժը բացատրի, որ տարվա ընթացքում մի քանի անգամ պետք է հավին ճիճվաթափություն անել»,- ասաց Կամո Սողոյանը և ընդգծեց, որ վերջին 7-8 տարիներին համաճարակային դեպքեր չի գրանցվել։