ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար. «Պատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ժամկետի մասին է խոսքը, Աբրահամյանն ասաց, որ ժամկետներ չեն կարող նշել․ «Երբ փաստաղթերի փաթեթը վերջնական և ամբողջական պատրաստ կլինի, այն ժամանակ էլ կուղարկվի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել ենք՝ ՌԴ իրավապահները ձերբակալել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որը հետախուզվում էր ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՔԾ-ից հայտնել են, որ արտահանձման գործն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: