Ինպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` ապրիլի 22-ին, Ազգային ժողովում գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:

Լրագրողների հետ զրույցում Գեղամ Գևորգյամը խոսեց ոլորտում առկա խնդիրներից և առաջիկայում դրանց լուծումներից. «Պետք է սկսեմ այն խնդիրներից, որոնց մասին էլ պատգամավորներն իրենց հարցադրումներով նշեցին: Հիմնականում, սպառողների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների մասին է խոսքը, ինչպես նաև, կարծում եմ, որ հանձնաժողովում կլինեն սկսված գործընթացներ, որոնք պիտի կիսատ չթողնենք»-ասաց Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով նրան, թե արդյոք հնարավո՞ր է նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մենաշնորհները փոխարինվեն այս իշխանության պաշտոնյաների մենաշնորհներով, ՏՄՊՊՀ նորընտիր նախագահը նշեց.

«Ես երբևիցէ որևէ մեկի շահերը չեմ սպասարկել և չեմ սպասարկի: Մեր առաքելությունն օրենսդրական շահերի և հանրային շահերի սպասարկումն է: Ծանոթ եմ այս ոլորտին, որովհետև ժամանակին հնարավորություն եմ ունցել գիտական աշխատանքով զբաղվել այս ոլորտում: Այստեղ կան խնդիրներ՝ օրենսդրական ոլորտից սկսած մինչև հանրային իրազեկման բարձրացում: Իսկ կա՞ արդյոք Հայաստանում մոնոպոլիա, թե՝ ոչ,: Կարծում եմ՝ իմ պարագայում նախնական հայտարարություն անելը ճիշտ չէ: Քանի որ ես զբաղեցնելու եմ այս պաշտոնը, պիտի կաշկանդված չլինեմ իմ հայտարարությունների մեջ: Եթե ես կանգնեմ ու հայտարարեմ, որ այո՛, այս ոլորտում կա մոնոպոլիա, ապա իմ խոսքը պահելու համար ստիպված եմ լինելու կանխակալ վերաբերմունք ցույց տալ: Գերիշխող դիրքի կամ ազատականացման մասին խոսելիս պետք է նայենք շղթայի բոլոր կետերը: Մենք կփորձենք այնպիսի մրցակցային դաշտ ստեղծել, որ շուկան սկսի աշխատել, դաշտն ազատագրվի և տարբեր բիզնեսներ սկսեն «խաղալ» այս դաշտում: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի շուկան անծայրածիր չէ և խաղացողների որոշակի թիվ է պետք` ըստ տրամանանության»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը, արձագանքելով հարցին, չբացառեց, որ կարող է ՔՊ կուսակցության անդամ դառնալ. «Ինչո՞ւ եք ինձ գուշակությամբ զբաղվելու հարցեր տալիս: Ես մինչև այսօր չեմ անդամակցել որևէ կուսակցության, ինձ հիմա նեղ անձնական հարցեր եք տալիս: Ինչո՞ւ պիտի բացառեմ կամ ապագայի վերաբերյալ բան ասեմ: Ես հիմա անկախ մարմնի ղեկավար եմ և կլինեմ անկախ բոլոր կուսակցություններից, իսկ իմ ապագան, կարծում եմ, որ միայն անկախ մարմնի ղեկավար լինելով չի սահմանափակվում»,-եզրափակեց Գեղամ Գևորգյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱն