ԱԺ-ում օրերս առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, հիշեցնենք՝ Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը: Խնդիրը, սակայն, նրանում է, որ կառավարությունը միևնույն ժամանակ հրաժարվեց հարկել կլինկերը: Իսկ դա այն հիմնական նյութն է, որն ուղղակի ազդում է ցեմենտի գնագոյացման վրա և, եթե կլինկերը դրսից գալիս է ցածր գնով, ապա տնտեսապես նպատակահարմար չի այլևս լիարժեք ցիկլով արտադրել ցեմենտ, ինչը ուղղակի դարձնում է տեղի արտադրությունը ոչ ձեռնտու, այսինքն՝ բիզնեսը սկսում է աշխատել «մինուսով»։Հիշեցնենք՝ ներմուծվող ցեմենտի հետ մեկտեղ, նաև կլինկերի վրա հարկ սահմանելն էր կառավարությունից պահանջում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և հենց այդ պահանջի համար վերջինիս սկսեցին մեղադրել «սեփական բիզնես շահերը պաշտպանելու» ցանկության մեջ:
 
Իսկ հիմա բացատրենք, թե իրականում ով է տուժում ընդունված օրենքից: Տեղական արտադրողին խրախուսելու համար անհրաժեշտ է պետական տուրք դնել նաև կլինկերի ներկրման վրա, որպեսզի տեղական արտադրողը գնային դաշտում կարողանա մրցակցել Իրանից ներկրած ցեմենտի հետ։ Իսկ հակառակ դեպքում՝ եթե, օրինակ, «Արարատցեմենտի» գործարանը որոշում կայացնի, որ մրցակցային դաշտում կայուն դիրք գրավելու համար անհրաժեշտ է կլինկերով աշխատել՝ գործարանի ներկայիս 1300 աշխատակցի փոխարեն կմնան 100-ը։ Այստեղ հարցն ավելի քան պարզ է՝ Իրանից ներկրվող կլինկերի վրա տուրք պետք է դրվեր, հակառակ դեպքում, լինի դա «Արարատցեմենտը», Հրազդանինը, թե այլ գործարան, մրցակցային պայմաններին չի դիմանա, ու այդ դեպքում գործազուրկ 1000 աշխատակցի փոխարեն, ավելի մեծ թվեր կտեսնենք։ Ծառուկյանի ողջ «պատերազմը» կայանում էր նրանում, որ կայացվի այնպիսի որոշում, որի արդյունքում չի ավելանա գործազուրկների առանց այդ էլ ստվար բանակը, շուկայում չի լինի դեմպինգ և հակառակը՝ կլինեն ազատ և առողջ մրցակցային պայմաններ, որոնք հնարավորություն կտան տեղական արտադրողին շարունակել իր գործունեությունը: Անգամ նրանք, ովքեր ամբիոնից մեղադրում էին Գագիկ Ծառուկյանին սեփական բիզնես շահերի լոբինգի մեջ, չկարողացան հոդաբաշխ կերպով բացատրել, թե ո՞րն է այս պարագայում լինելու Ծառուկյանի «անդառնալի կորուստը»: Ցանկացած գործարան կարող է գոյատևել միայն մրցունակ շուկա ունեցող միջավայրում: Չի կարող տեղական արտադրանքը մրցունակ լինել մեկ այլ պետության արտադրանքի հետ, երբ այնտեղ նույն ապրանքն արտադրվում է ավելի էժան գներով: Նման պարագայում պետությունը որոշակի միջամտություն է իրականացնում և կարգավորում է շուկայական հարաբերությունները: Սակայն մեր կառավարության միջամտությունը այս հարցում առավելապես հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ են հանում..
  
Իրականում, Ծառուկյանն այս օրենքի ընդունման հետևանքով եկամուտների նվազում չի ունենալու, ինչը չենք կարող ասել վերոնշյալ 1000-1200 պոտենցիալ գործազուրկների մասին, ովքեր կառավարության ապաշնորհության, հարցին անլուրջ մոտենալու պատճառով հայտնվելու են փողոցում: Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ «Արարատցեմենտի» գործարանը աշխատակիցների կրճատման խնդիր ուներ, սակայն Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ, նրանք շարունակեցին աշխատել: Իհարկե, այդ դեպքը չի կարելի նույնականացնել ներկա իրավիճակի հետ, սակայն ի վերջո ինչքա՞ն կարելի է հույս դնել Ծառուկյանի գթասրտության ու ժողովրդին օգնելու պատրաստակամության վրա։Կառավարությունը, որը ստանձնել է այս ոլորտներում առկա խնդիրների լուծողի դերը, պարտավոր է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել բիզնեսին, սեփական քաղաքացիներին,  և վերջապես զբաղվել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, ոչ դե դրանց թվի ավելացմամբ, հակառակ դեպքում՝ տնտեսական հեղափոխությունը այդպես էլ կմնա բաժակաճառերի և դեկլարատիվ տեքստերի հարթության մեջ...