Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առեւտրի կետերը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երեւանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Հարկ է նշել, որ քաղաքապետարանը շրջիկ մեքենաների անվտանգության նորմերի պահպանման, ջրահեռացման, էլեկտրաէներգիայի սնուցման լարանցումների օրինականությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունն ու կահավորանքն ստուգելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմիններին, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, ՀՀ ՃՈ-ը, ՀԷՑ-ին, ինչպես նաեւ «Էլեկտրատրանսպորտ» եւ «Երքաղլույս» ընկերություններին: Գույքագրման եւ համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առեւտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության եւ բնապահպանական նորմերի խախտմամբ: Զեկուցվել է նաեւ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:

«Մենք մի կողմից փորձում ենք ամբողջ քաղաքում կրպակները հանել, որոնք փաստացի խանգարում են Երեւանի բնականոն զարգացմանը, մարդկանց տեղաշարժին, հիմա էլ այդ նույն կրպակներից դնում են մեր ավտոկայանատեղիների վայրերում: Շարժական առեւտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առեւտուր իրականացնում: Եվ շարժական մեքենան, այո, որեւէ լարանցում չպետք է ունենա: Այդ պարագայում եւս ստացվում է, որ եկել են կայանել երկարատեւ գործունեության համար: Ես լսել եմ, որ դժգոհություն կա տնտեսվարողների կողմից, բայց այդ դժգոհությունն ամենեւին էլ տեղին չէ, որովհետեւ մենք թույլ չենք տալու, որ նոր կրպակներ առաջանան՝ այն էլ արդեն ավտոկայանատեղիներում: Ոչ մի տարբերություն չկա կցորդի եւ կրպակի միջեւ, որն ուղղակի անիվներ ունի: Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում, դնում էր եւ սկսում էր վաճառել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Երեւանում շրջիկ առեւտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները եւ գոտիավորումը, ինչպես նաեւ ժամերը եւ օրերը:

Շրջիկ առեւտրով զբաղվող տնտեսավարողներից մի քանիսն այսօր՝ խորհրդակցությունից հետո հանդիպել են առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին:

Անդրադառնալով շրջիկ մեքենաների լարանցումների ապամոնտաժմանը՝ տնտեսվարողները հետաքրքրվել են գործընթացի իրավաչափությամբ, նաեւ հարց բարձրացրել՝ արդյո՞ք հնարավոր չէր այն հետաձգել մինչեւ օրենսդրական փոփոխությունների կարգավորումը: Հովիկ Սաֆարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, սակայն ոչ անօրինական գործողությունների հաշվին, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

Քաղաքապետարանը կոչ է անում ձեռնպահ մնալ շրջիկ առեւտրի մեքենասարքավորումներ ձեռք բերելուց եւ գործունեություն ծավալելուց, քանի որ օրենքի փոփոխությունից հետո դրանք կարող են չհամապատասխանել նոր չափանիշներին եւ դրանք շահագործողները գործունեություն ծավալելու իրավունք չստանան, ինչի հետեւանքով տնտեսվարողները, հնարավոր է, վնասներ կկրեն: