Ազգային ժաղովի «Իմ քայլը» խմբակցության անդամները քննարկում են, թե ինչպես են նշելու Քաղաքացու օրը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվում նիստի ընթացքում։ Պատգամավորը նշեց, որ քաղաքացու օրը նշելու է Լոռու մարզում։ «Դեռ հստակ չեմ որոշել, թե ինչպես եմ նշելու, բայց գնալու եմ Լոռի»։

Անդրադառնալով տոնին հատկացված 124 միլիոն դրամին` պատգամավորն ասաց. «Ես համոզված եմ, որ արդարացված էր։ Եվ այդ գումարն արդյունավետ կօգտագործվի։ Մենք այս տոնն առաջին անգամ ենք տոնում և կարծում եմ` այն շատ կարևոր իրադարձություն է»։

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ մարզերին գումար տրամադրվել է, թե ոչ, և եթե այո, ապա որքա՞ն է տրամադրվել Լոռու մարզին, պատգամավորն ասաց․ «Տեղյակ չեմ, թե որքան գումար է տրամադրվել մարզերին և տրամադրվե՞լ է, թե՝ ոչ»,- պատասխանեց Խաչատրյանը։ Անդրադառնալով նախկին իշխանությունների քննադատություններին՝ պատգամավորը նշեց․ «Դա իրենց իրավունքն է, իրենց կարծիքն է, որ այլ կերպ են մեկնաբանում։ Ես կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է և տոնի խորհուրդը կապված է նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացված հեղափոխության հետ։ Կարծում եմ՝ կապ չունի, թե ով է իշխանության։ Ճիշտ կլինի, որ այս տոնը այսուհետ նշվի այնպես, ինչպես օրինակ՝ բանակի օրը, Անկախության օրը»,-հավելեց պատգամավորը։

Ասպրամ Փարսադանյան