Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին հայտարարեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այս եռամսյակի համար պարգևավճարներ կստանան՝ բացի իրենից։ «Անձնակազմը պետք է իր նվիրվածության, իր աշխատանքի, իր արդյունքի համար պարգևատրվի»։ Հայկ Մարությանի խոսքով, քաղաքապետարանի աշխատակիցները երեք անգամ ավելի շատ աշխատանք են կատարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար մյուսները․ «Անձնակազմը գիշեր-ցերեկ աշխատել է, երեք-չորս անգամ ավելի շատ աշխատանք է կատարել, քան անցած տարի, նախանցած տարի այս ժամանակահատվածում արվել է»։
 
Նա նշեց, որ կմտածի նաև աշխատավարձերի բարձրացման մասին։
 
Երևանի հպարտ բնակիչներին մնում է միայն հասկանալ, վերլուծել, թե քաղաքապետարանի աշխատակիցների գիշեր-ցերեկ տքնաջան աշխատելը գործնականում որ խնդիրների լուծմանն է նպաստել: Արդյո՞ք Երևանում բարեկարգվել է տրանսպորտային ցանցը, արդյո՞ք մենք այլևս չեն ունենում 10 բալանոց խցանումներ Երևանի բանուկ ճանապարհներին, արդյո՞ք այլևս չենք նստում մահվան գազելներ, արդյո՞ք Երևանի փողոցները ամեն անձրևից հետո չեն նմանվում Վենետիկի հայտնի ջրանցքներին, արդյո՞ք մենք այլևս չենք օգտվում կյանքի համար անմիջական վտանգ ներկայացնող կիսասարք վերելակներից, արդյո՞ք աղբը ժամանակին է հավաքվում, արդյո՛ք Երևան քաղաքում նվազել են հարկերն ու տուրքերը:
 
Արդյոքների այս շարքը կարելի է անսահման երկար թվարկել, սակայն ասվածից էլ արդեն հասկանալի է, որ որևէ արտառոց, ինքնամոռացության հասնող գործ՝ քաղաքապետարանի աշխատակիցները, Մարությանի թիմի չի արել, համենայնդեպս, երևանցիների մեծամասնությունն այդ գործն իր մաշկի վրա չի զգում: Հետևաբար, ի՞նչ բարոյական իրավունք ունի քաղաքապետը այսքանից հետո կրկին խոսել պարգևատրման մասին: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ այսօրվա նիստում քաղաքապետը մեղադրեց իր իսկ թիմի անդամներին՝ իրեն չաջակցելու մեջ: Գուցե այս հերթական պրագևատրման իրական նպատակը հենց թիմին խրախուսելն է, որպեսզի Մարությանի դիրքերը վերջնականապես չթուլանան, ինչը, անշուշտ, հանգեցնելու է երկար ժամանակ կանխատեսվող հրաժարականի: