«Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների, նաև արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետև իրավունքը էմոցիա չի սիրում: Պետք է լինեն հստակ փաստարկներ, այդ թվում՝ սեփականության իրավունքի հետ կապված։ Խնդիրն այն է, թե ինչ փաստաթղթեր, ինչ հիմքեր, ինչ հիմնավորումներ կան և ինչպես պետք է բարձրացնել հարցը, թե ով է համարվելու իրավահաջորդ և ինչպես է բարձրացվելու այդ հարցը, որպեսզի հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն։ Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կլինի շատ վտանգավոր նախադեպ, ուստի պետք է զգույշ գործել»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքներին։

Խոսելով ցեղասպանության հետ կապված քաղաքականության փոփոխության մասին՝ Հարությունյանը նկատեց՝ խնդիրը ոչ թե քաղաքականության փոփոխությունն է, այլ՝ թե այսօր ի՞նչ քայլեր պետք է կարողանանք անել, ո՞րն առավել արդյունավետ կլինի․ «Իմ կարծիքով, այս տեսանկյունից շատ կարևորվում է իրավական մոտեցումների խնդիրը, որն ունի շատ ծալքեր։ Մեկ ամբողջ տարի իրավաբանների խումբը, որը ստեղծել էինք իրավաբանների միջազգային ընկերակցության շրջանակներում, այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարավ։ Հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են, թե ինչպես, ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել և գնահատելով իրավիճակը՝ ինչպիսի հարցադրումներ կատարել»,- նշեց ԲԴԽ նախագահը։