Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Օրենքի համաձայն՝ վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին:
 
Հիշեցնենք, որ այս օրենքն ընդունվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից: Արտահերթ նիստը հրավիրել էր ՀՀԿ խմբակցությունը: Այն ժամանակ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը օրենքը հայտարարեց հակասահմանադրական, մարդկանց փողոց հանելով փորձեց խանգարել օրենքի ընդունմանը, սակայն արդարության համար նշենք, որ օրենքն այն ժամանակ ուժի մեջ չմտավ նախագահ Սարգսյանի ջանքերով, ով որոշեց նախ և առաջ ՍԴ-ից ճշտել օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը:
 
Ստացվում է՝ այն, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին Փաշինյանի և իր թիմակիցների համար հակասահմանադրական էր, այսօր արդեն ամբողջովին համապատասխանում է օրենքի տառին և ոգուն:Այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ Փաշինյանը և իր կողմնակիցները հոկտեմբերին ԱԺ մուտքի մոտ պարզապես հերթական շոուն են բեմադրել, մարդկանց համոզելով, որ իրենց պայքարը իշխանությունների հակասահմանադրական գործողությունների դեմ է: Իրականում, այն ժամանակ տեղի ունեցածը պարզ քաղաքական հաշվարկ էր, եթե կուզեք՝ քաղաքական մանիպուլյացիա, որն օրենքի ստորագրմամբ բացահայտվում է: Այսօր արդեն իշխանության ղեկին լինելով, Փաշինյանին ամբողջովին ձեռնտու է ունենալ մի օրենք, որը գրեթե անհնար կդարձնի խորհրդարանական ուժերի կողմից պառլամենտը ցրելու ընթացակարգ սկսելը: Իհարկե, Փաշինյանը մեծամասնություն ունի ԱԺ-ում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ իրավիճակը շատ արագ կարող է փոխվել. հետևաբար, ապահովագրվելը երբեք էլ չի խանգարի...