Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: Նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել է, որ դրա համար հիմքերը կան, քանի որ Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ այդ առումով քաղաքական աստառ չի տեսնում. «Ես քաղաքական աստառ չեմ տեսնում և նույնիսկ չեմ կարծում, թե պետք էր, կամ հիմքեր կան, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան խնդրեր Ռուսաստանից»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով նրան, թե Ռուսաստանը հետևողական կլինի՞ արդյոք խնդրանքին և դա որևէ կերպ կազդի՞ գործի քննությանը, Արթուր Դավթյանը ասաց, որ հնարավոր է, որ Ռուսաստանը չխառնվի, իսկ խառնվելու դեպքում ինչպես կանդրադառնա գործին` կախված է նրանից, թե Ռուսաստանի արձագանքն ինչպիսին կլինի:

Հարցին, թե կարելի՞ է Հայաստանի իրավապահների գործում թերացումներ նկատել այն առումով, որ երբ հայտարարում են որևէ պաշտոնյայի ձերբակալման մասին, նա հայտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, և ինչպե՞ս ստացվեց, որ Միհրան Պողոսյանի դեպքում էլ այդպես եղավ, պատգամավորը պատասխանեց.

«Մենք չգիտենք, թե Միհրան Պողոսյանը կալանավորման մասին հայտարարությունից առաջ է հայտնվել ՀՀ սահմաններից դուրս, թե՞ հետո: Պարզել է պետք, թե նա որքան ժամանակ է, որ դրսում է: Քանի որ մենք ունենք ազատ տեղաշարժման մասին օրենք, օգտվում ենք այդ իրավունքից: Նրանք ապօրինի չեն կարող տեղաշարժվել».-եզրափակեց պատգամավորը` նշելով, որ դեռ տեղյակ չէ, թե այս ընթացքում իրավապահների միջոցով Միհրան Պողոսյանը գալի՞ս է Հայաստան, թե ոչ:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ