Արդեն տեղեկացրել էինք, որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ահազանգել է, որ նոր 5000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է մահմեդական դամբարան: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով հուշարձանագետի այս դիտարմանը, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանն ասաց.

«ՀՀ Կենտրոնական բանկը ցանկացած թղթադրամի տպագրության վերաբերյալ, մասնավորապես՝ 3-րդ սերնդի թղթադրամների վերաբերյալ ունի հստակ նկարագրություն, որը դեռևս մինչև թղթադրամների տպագրումն ու շրջանառության մեջ դնելը, տեղադրված է եղել ԿԲ կայքում»: 


Բերբերյանը նշեց, որ նկարագրությունը տեղեկություններ է պարունակում թղթադրամների չափսերի, գույների, դիմերեսի և դարձերեսի պատկերների վերաբերյալ։ 

«Մասնավորապես՝ 5000 դրամի համար ներկայացված նկարագրության մեջ նշված է, որ դիմերեսին Վիլյամ Սարոյանի դիմանկարն է, որի ֆոնին հատվածներ են իր «Նռնենիները» պատմվածքից, ինչպես նաև կան գրքերի նկարազարդումներ և հայկական նռնենիների պատկերներ: Դարձերեսին Վիլյամ Սարոյանի՝ Երևանում տեղադրված արձանն է, իսկ դրա ֆոնին նրա նախնիների ծննդավայր Բաղեշ քաղաքի 20-րդ դարասկզբի համայնապատկերն է, որը վերցված է հենց այդ ժամանակաշրջանում՝ 20-րդ դարասկզբին արված լուսանկարից: Նկարագրության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ արձանի ֆոնին ներկայացված է եկեղեցի: Այսինքն՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դիտարկումը, թե պատկերվածը ներկայացվում է որպես եկեղեցի, արդեն մոլորեցնող է»,-ասաց Բերբերյանը:

Հարություն Բերբերյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քննարկման ելակետն ի սկզբանե սխալ է ընտրված հուշարձանագետի կողմից, քանի որ երբևէ չի նշվել, որ 5000 դրամ նոր թղթադրամի վրա պատկերվածը հայկական եկեղեցի է: