Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք հնարավոր չէր ավելի փոքր բյուջեով անցկացնել Քաղաքացու օրը:

«Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես չանել ոչինչ, հնարավոր էր հայտարարել և անել միայն քննարկում և դրանով սահմանափակվել: Գումարը, որը հատկացվել է միջոցառումներին, չենք կարող դիտարկել որպես բացարձակ թիվ: Մենք պետք է դա համեմատության մեջ դնենք ու հասկանանք՝ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար նախկինում որքան միջոցներ են ծախսվել, որպեսզի պատկերացնենք՝ արդյո՞ք նպատակահարմար է այսքան գումար այս միջոցառումների համար»,- ասաց Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ 1 տարի առաջ «Էրեբունի-Երևան» տոնակատարության տարբեր միջոցառումների համար քաղաքապետարանը նախատեսել էր 1 միլիարդ 700 միլիոն դրամ:

«Այդքան գումար հատկացվել է այն միջոցառումների համար, որոնք տեղի էին ունենում միայն Երևանում: Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը ՀՀ ամբողջ տարածքով մեկ, կազմակերպված են նույնաբովանդակ միջոցառումներ: Ունենալով այս համեմատությունները՝ մեր հետևությունը հետևյալն է` այդ գումարը խելամիտ է նման միջոցառումների համար»,- ասաց նա: