«Միհրան Պողոսյանի գործով չեմ հետաքրքրվել, որովհետև որևէ դիմում, բողոք չունեմ փաստաբանից: Եթե նման դիմում, նման բան լինի, բնականաբար, կզբաղվեք»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանն ուներ հիմքեր ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու համար, Արման Թաթոյանը պատասխանեց. «Դա ավելի շատ իր փաստաբանը պետք է ասի, քանի որ նրանց համար ավելի տեսանելի է գործը և Մարդու իրավունքների պաշտպանին դա չի էլ առնչվում: Եթե որևէ դիմում լինի, որպեսզի ես զբաղվեմ այդ հարցով, դա ուրիշ, բայց չկա, հետևաբար, ես չեմ հետաքրքրվում և չեմ զբաղվում նրա գործով: Ես չեմ կարող գնահատական տալ, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, թե՝ ոչ: Հարուցված է քրեական գործ, քրեական ընթացակարգը պահանջում է, որ եթե նրան կալանավորել են, իսկ ես որքան գիտեմ՝ էքստրադիցիայի պրոցեսն սկսելու համար կալանավորված է, ապա դա նորմալ, Քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ընթացակարգ է: Թե ինչ որոշում կկայացնի համապատասխան մարմինը քաղաքական ապաստանի հետ կապված, դա արդեն այլ ընթացակարգով է որոշվում»,- ընդգծեց Արման Թաթոյանը:

Անդրադառնալով նրան, թե հնարավո՞ր է արդյոք, որ այս իշխանության օրոք լինեն քաղաքական հալածյալներ, որոնք քաղաքական ապաստան կխնդրեն տարբեր երկրներում, Թաթոյանն արձագանքեց. «Չեմ կարող կանխատեսումների վերաբերյալ գնահատականներ տալ: Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներ լինել-չլինելուն, ապա ՄԻՊ-ի իրավասությունների մեջ չի մտնում այս հարցին պատասխան տալը»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ՌԴ-ում իր կալանավորումից հետո քաղաքական ապաստան էր խնդրել Ռուսաստանից: