«Ես չեմ մասնակցել Քաղաքացու օրվա միջոցառումներին և չեմ կարողացել հասկանալ, թե որքանով էր արդյունավետ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա նշեց, որ թե´ Քաղաքացու օրվանից առաջ, թե´ հետո, նա մնում է իր նույն կարծիքին, որ 124 միլիոն դրամը կարելի էր ծախսել ավելի արդյունավետ` տրամադրելով հանրության համար կարևորագույն խնդիրների լուծմանը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, Քաղաքացու օրը նշելով, ի՞նչ շահեց քաղաքացին, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ, քաղաքացիները պիտի ասեն, թող իրենք գնահատեն արդյունքը: Ես, անկեղծ ասած, տանը նստած՝ ուսումնասիրում էի ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, որպեսզի հասկանայի, թե ինչ խնդիրներ ունի քաղաքացին: Բավականին ծավալուն զեկույց է, մեծ աշխատանքներ պահանջող, որտեղ նշված է քաղաքացիների խնդիրների մասին»,-ասաց Անի Սամսոնյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ «Քաղաքացու օրն» իր համար անցել է քաղաքացիների խնդիրներն ուսումնասիրելով: