Այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը 2018 թվականի վերջին հայտարարագրել է 22միլիոն 250 հազար դրամանոց բնակարան և 4 միլիոն 980 հազար դրամ և 3000 դոլար։

Տարածված տեղեկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց  ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։ Իր խոսքում Ասատրյանն ասաց, որ նշված բնակարանը Արտակ Դավթյանին տրավադրվել է պետության կողմից։

«Հավատարմագրման մեջ էլ նշված է, որ այդ բնակարանը տրամադրել է պետությունը։ Ինչ վերաբերվում է կուտակված գումարին, ապա կարող եմ ասել, որ բացի աշխատավարձերը, տրամադրվում են նաև գործուղման համար նախատեսված գումարներ։ Գործուղման գումարները հնարավոր է խնայողաբար օգտագործել և տնտեսել։ Օրինակ ես՝ ձեռք չեմ տալիս գործուղման համար տրամադրված գումարին․ դրանք կուտակում եմ։ Բնականաբար․ երկրից դուրս գործուղումների համար տրամադրվող գումարներն ավելի մեծ են։ Մեկը կարող է ճոխ ձևով անցկացնել գործուղումը, թանկ հյուրանոցներում և ռեստորաններում, մյուսը կարող է տնտեսել, օգտվել ավելի մատչելի տեղերից»,-ասաց նա։

Անդրադադառնալով Արտակ Դավթյանի՝ հարուստ քեռի ունենալու վարկածին, Ասատրյանը նշեց, որ ճիշտ չէ համեմատություն տանել։

Այս պարագայում «հարուստ քեռին» պետությունն է, քանի որ բնակարանը տրամադրվել է պետության կողմից։

Ասատրյանը նշեց, որ Արտակ Դավթյանի հավատարմագրված ունեցվածի ձեռքբերման մեջ որևէ ապօրինի բան չկա, չկան նաև նվերներ։ Հավատարմագրված գումարները խնայողություններ են։

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2018 թ․ հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտներ և փոխակապակցված անձանց տարեկան հայտարարագրում տարեվերջին նշել է 22 միլիոն 250 հազար դրամանոց բնակարան, որը 2018-ի սկզբին չի ունեցել։ Որպես դրամական միջոցներ տարվա սկզբին,հայտարարագրել է 1 միլիոն 950 հազար դրամ և 3000 ամերիկյան դոլարն,իսկ տարվա վերջին 4 միլիոն 980 հազար դրամ և 3000 դոլար։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՎԾ ղեկավարը ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով իր ունեցվածքին, ասել էր, որ դա նվիրատվություն է Եվրոպայում բնակվող իր քեռուց։