Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Գյումրիից Լիլիթ Մուրադյանը Երևան հասել էր առավոտյան ժամը 9:00-ին: Այսօր նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրն էր: 16-ամյա Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով.

«Ես առաջարկ էի ներկայացրել մեր երկրում կամավորության ինստիտուտի հզորացման վերաբերյալ, ինչպես նաև՝ նշել էի, որ շատ լավ կլիներ, որպեսզի 15-18 տարեկան պատանիների կամավորության շրջանը դիտարկվի որպես աշխատանքային փորձառություն, որպեսզի նրանք ավելի մրցունակ լինեն աշխատաշուկայում»,- ասում է Լիլիթը:

Գյումրեցի պատանին մի ամբողջ օր անցկացրել է նախարարությունում, մասնակցել բյուջետային հարցերի վերաբերյալ ընդլայնված քննարկմանը, շրջել նախարարության ստորաբաժանումներում և ծանոթացել դրանց աշխատանքին։

«Ես սովորում եմ Շիրակի պետական համալսարանի քոլեջի սոցիալական աշխատանք բաժնի երկրորդ կուրսում: Շատ ուրախ էի, երբ նամակ ստացա այն մասին, որ նախարարը հենց իմ առաջարկն է հավանել: Այս օրվա ընթացքում ես շատ բան տեսա և նաև շատ նոր բաներ սովորեցի. ես, անկեղծ ասած, փոքր-ինչ այլ կերպ էի պատկերացնում սոցիալական աջակցության ոլորտի գործունեությունը: Այստեղ անցկացրած ժամերը  շատ հետաքրքիր էին նաև ապագա մասնագիտությանս տեսանկյունից»,- ասում է Լիլիթը:

Օրվա վերջում Լիլիթի հետ առանձնազրույց է ունեցել նաև Զարուհի Բաթոյանը: Նա ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, ինչպես նաև՝ ծանոթացրել նախարարի աշխատանքի մանրամասներին. «Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, օրինակ, նախարարի հանգստի սենյակը կամ նրա կողքին շարված հեռախոսները, որոնց մասին առանձին-առանձին պատմեց նախարարը: Ես ավելի հեշտ էի պատկերացնում նախարարի ու նախարարության աշխատանքը»,- խոստովանում է Լիլիթը:

Զ. Բաթոյանը նշել է, որ շատ ուրախ էր տեսնել սոցիալական աշխատանքի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությունը: Նա երկար զրուցել է Լիլիթի հետ, լսել նրա պատկերացումները սոցիալական պաշտպանության ոլորտի, նրա ապագա մասնագիտության վերաբերյալ. «Ես ուրախ եմ, որ մեր այս նախաձեռնությունն այդքան բուռն արձագանք ստացավ պատանիների շրջանում: Մենք հայտարարել էինք, որ հավաքագրում ենք 14-18 տարեկան պատանիների գաղափարները, որովհետև կարծում ենք, որ այս սերնդի ձայնը պետք է առավել լսելի դարձնել, բացի այդ՝ ոչ ոք ավելի լավ չի ներկայացնի նրանց մտահոգություններն ու սպասելիքները»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր մրցույթ՝ 14-18 տարեկան պատանիների շրջանում: Գաղափարը մեկն էր՝ հավաքագրել փոփոխությունների առաջարկներ, որոնք կիրականացնեին պատանիները, եթե մեկ օրով ստանձնեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Նախարարության ֆեյսբուքյան էջին ստացվել է ավելի քան 25 առաջարկ»,- նշված է հաղորդագրության մեջ: