«Իրատես» թերթը գրում է.

«Հերթական ապրիլի 24-ին ԱՄՆ հերթական նախագահը «գենոցիդ» բառից խուսափեց: Մենք սովորաբար դա բացատրում ենք ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի համար առաջնային են ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունները ճշմարտության բարձրաձայնումից: Իրավիճակը կարող էր փոխվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը, փաստը, որ ԱՄՆ նախագահը գերակայություն է տալիս real politik-ին, որի վկայությունն էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Դոնալդ Թրամփը նախընտրեց չսրել հարաբերությունները Անկարայի հետ։ Որևէ մեկը հարց տվե՞լ է, թե ինչու պիտի ԱՄՆ նախագահը ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները կարևորեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից։ Կամ՝ ընդհանրապես ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները ի՞նչ նշանակություն ունեն Վաշինգտոնի համար։ Հազիվ թե։

Համենայնդեպս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու հայտարարում «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես», հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով: Առավել ևս երբ հավելում է. «Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների»: Եվ նույն հարցազրույցում վերստին հայտարարում է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները:

Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ»։

Ու միանգամից հարցեր են առաջանում՝ եթե ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել կամ փոխվել է միայն դրական ուղղությամբ, Հայաստանը շարունակու՞մ է մնալ ՌԴ ֆորպոստ և ընդունու՞մ է իր ֆորպոստ լինելը, այսինքն՝ ռուսական շահերի պաշտպանության գերակայությունը սեփականից: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ներկա Հայաստանին, կա՞ վստահության ու փոխըմբռնումի ռազմավարական համագործակցության մակարդակ: Իրո՞ք հարաբերություններն իրավահավասար են։ Ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանում «ներքին քաղաքական օրակարգը», որ չի համընկնում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի ու ԵՄ-ի ներքին քաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերի հետ։ Որքանո՞վ է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանված, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում ու հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների կարևորության տասնյակ հավաստիացումներ է տվել, բայց հազվադեպ է անդրադառնում ՀՀ-ԵՄ կամ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Անդրադառնալիս էլ ավելի շատ պահանջներ է ներկայացնում, քան համագործակցության ծրագրեր ու պատրաստակամություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: