Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը մի լուսանկար դրեց Դավիթ Սանասարյանի առջև և խնդրեց պարզաբանել, թե ինչ ապրանքանիշի կոստյում է կրում այդ լուսանկարում։ 

Լրագրողի պնդմանը, թե՝ ըստ փորձագետների՝ կոստյումը Ստեֆանո Ռիչի ապրանքանիշի է, որն արժե երեք միլիոն դրամ, Սանասարյանը արձագանքեց․
 
«Ով որ ասել է՝ ես կնվիրեմ իրեն, լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն»։

Մեկ այլ հարցի, թե կոստյումը չինակա՞ն  է, Դավիթ Սանասարյանն ասաց․ «Ես կեղծ բան չեմ կրում»։

Հիշեցնենք՝ ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են նրա դեմ հարուցված քրեական գործի պատճառով:

Ազգային անվտանգության ծառայության կայքէջի հաղորդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: