Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը անդառնալի և հուժկու հարված է հասցրել երևանյան օլիգարխիային: Բանն այն է, որ դուխով քաղաքապետը որոշել է ոչ ավել ոչ պակաս՝ խլել Հաղթանակի զբոսայգու մոտ բնակվող մեծահարուստների տան դիմաց տեղադրված աղբամանները և դրանք փոխարինել սովորական աղբամաններով, քանի որ բակային տարածքներում նորմալ աղբամանները քչություն են անում կամ էլ կոտրված են:

Ինչ խոսք, քաղաքապետի այս «հարվածից»  Մոնումենտի դղյակում ապրող օլիգարխները երկար ժամանակ դեռ ուշքի չեն գա: Սովորական մահկանացու երևանցիներն էլ դեռ փորձում են ուշքի գալ քաղաքապետի տված և մոռացության մատնված կայսերական խոստումներից, մասնավորապես՝ մետրոյի կառուցման մասով: Մարությանը չի տիրապետում խնդրի լուծման ուղիներին, նրան քաղաքապետ ընտրած՝ 80 տոկոս քվե տված երևանցիներն էլ արթնանում են թմբիրից և պահանջում վերոնշյալ կայսերական պլանների իրականացում, այլ ոչ թե ամենօրյա ռեժիմով Մարությանին այդքան հոգեհարազատ շոու ներկայացումների կազմակերպում:

Տարօրինակ է, որ ինքը՝ Մարությանը, բնակվում է քաղաքի էլիտար թաղամասերից մեկում՝ Հյուսիսային պողոտայում, և միևնույն ժամանակ, անթաքույց ատելություն է տարածում քաղաքի այլ հատվածներում բնակվող հարուստների նկատմամբ։ Ինչո՞ւ, օրինակ, Մարությանը նույն էքսպրեսիայով և դուխով չի պահանջում, որպեսզի իր բակի աղբամանը նույնպես տեղափոխեն և տրամադրեն քաղաքի հեռու անկյուններում ապրող, կոտրած աղբամաններով յոլա գնացող քաղաքացիներին...