Կառավարությունը Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներելու և որպես պետական աջակցություն ձևակերպելու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես, որոշվել է ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ դա ձեւակերպելով որպես պետական ֆինանսական աջակցություն:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ համաձայն ՀՀ պետական բյուջեից վարկեր ստացած անձանց ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով և տարեց անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն իրականացնելու իրենց վարկային պարտավորությունները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի (այսուհետ՝ բռնադատված) կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1, 272, 094, 607 դրամ ընդհանուր գումարով:

Հաշվի առնելով վարկառուների սոցիալական վիճակը,  ՀՀ կառավարության կողմից 2010 եւ 2013 թվականներին ընդունվել են վարկերի մարման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ որոշումներ, որոնց հիման վրա երկարաձգվել են վարկային պարտավորությունների գծով սահմանված վճարման ժամկետները, ամբողջ ծավալով զիջվել են վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները, ինչպես նաև մինչև վերը նշված որոշումների ուժի մեջ մտնելը հաշվարկված ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը:

2018 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ, վարկառուների կողմից մարվել է  201,248,968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել  43,212,535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար:

Թվով 19 վարկառուի կողմից վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամ գումարի չափով ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարվել են, իսկ թվով 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 10.09.2018 թ. դրությամբ կազմում է 343,138,920 ՀՀ դրամ, որից 230, 130,276 ՀՀ դրամը՝ վարկի մայր գումար,  36,662,626 ՀՀ դրամը՝ տոկոսագումար, իսկ  76,346,018 ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:

Ընդ որում 114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել:

Խնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են  և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները:

 

Սույն որոշման ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը, նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից։