Իսկ ինչո՞վ է Դավիթ Սանասարյանը տարբերվում ՀՀ այլ քաղաքացիներից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով այն  հարցին, որ եթե Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը չապացուցվի, ինքը հրաժարական կտա՞, թե՝ ոչ:

«Դուք պատկերացնո՞ւմ եք ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում նախաքննության ընթացքում չի հաստատվում: Ինչո՞վ է տարբերվում պարոն Սանասարյանը մնացած ՀՀ քաղաքացիներից:  Այ, եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակներում թույլ են տրվել կեղծիքներ կամ ապօրինություններ, ով որ թույլ է տվել նման կեղծիքներ, պատասխան կտա օրենքի առջև, իսկ ես որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել այդ անձանց աշխատանքը և ճիշտ կազմակերպել, այդ ժամանակ ես պատասխան կտամ»,-ասաց Վանեցյանը:

Դիտարկմանը, թե Սանասարյանը նշում է, որ ԱԱԾ տնօրենն ազդում է իր գործի վրա, Վանեցյանը պատասխանեց. «Ես հանդիսանում եմ ԱԱԾ տնօրեն, ով իրականացնում է հետաքննություն: Քննչական  մարմինը պաշտոնական հանձնարարություն է տալիս օպերատիվ մարմնին այս կամ այն տեղեկատվությունը պարզելու: Ելնելով դրանից՝ ես որպես հետաքննության մարմնի ղեկավար, ամբողջովին տիրապետում եմ գործի մանրամասներին, ես չեմ կարող չտիրապետել»: 

Հարցին, թե տեղեկություն կա, որ գոյություն ունի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Սանասարյանը կաշառք վերցնում, տեղյակ է արդյոք նա այդ տեսանյութի մասին, Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե անդամահատության կարիք է լինելու»:

Հիշեցնենք, որ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ասել, է, որ եթե հայտնվի այդ տեսանյութը, որում երևում է, թե նա ինչպես է կաշառք վերցնում, ձեռքը կկտրի: