«Նախագահական նստավայրից հրավիրել էին ասուլիսի և, պատճառաբանելով տեղի անհարմարության հարցը, ասացին, որ նախագահական նստավայրի օպերատորները կնկարահանեն ասուլիսը ու կտրամադրեն»,-այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Երկիր Մեդիա հ/ը տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանի ասուլիսին չէին հրավիրվել հեռուստաընկերությունների օպերատորները:

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր օպերատորները հրավիրվեին, միգուցե կադրային լուծումներն այդ ժամանակ ուրիշ կլինեին, կաշխատեին ավելի օպերատիվ ու արագ, բայց, հաշվի առնելով, որ նման կարգի ասուլիսները տարբեր կերպ են կազմակերպվում, ուստի մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Մեր այն հարցին՝ արդյո՞ք շատ նյութ է մոնտաժվել ասուլիսից, Գեղամ Մանուկյանը նշեց, որ, թեև ամբողջությամբ չի տեսել ասուլիսը, սակայն սղագրությունը տպագիր տարբերակով կարդալուց հետո, կարող է ասել, որ էական նյութ չի մոնտաժվել, բացառությամբ երկու դետալից, որը կապված էր հենց իր հարցի հետ:

«Ես ցանկանում էի պատասխան խոսք ասել, Սերժ Սարգսյանը ասաց, որ երկրորդ հարցի հնարավորություն կլինի: Վերջում արդեն խոսք վերցրեցի և ասացի, որ, ճիշտ է՝ ես ակնոցներ կրում եմ, բայց դրանք ո՛չ վարդագույն են ցույց տալիս, ո՛չ էլ՝ սև, մենք տեսնում ենք իրականությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Այն հարցին՝ ինչպե՞ս գնահատվեց այն հանգամանքը, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են ներկա եղել այդ ասուլիսին, Երկիր Մեդիա հ/ը տնօրենը նշեց, որ, լինելով լրատվական ընտանիքի անդամ և որոշ ժամանակով՝ նաև ԱԺ պատգամավոր, գտնում է, որ լրատվական դաշտ ասվածը առաձգական հասկացություն է Հայաստանում, քանի որ աշխատում է copy-paste երևույթը, ահա, թե ինչու, միգուցե, նպատակահարմար չեն գտել հրավիրել բոլոր լրատվամիջոցներին: Ինչևէ, ըստ Գեղամ Մանուկյանի, ցանկալի կլիներ, որ բոլոր լրատվամիջոցներն աշխատեին այդ ասուլիսին, իսկ ավելի կոնկրետ՝ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ներկա լիներ:

«Մեծաքանակ լրագրողներով մամուլի ասուլիսը կարող է բովանդակության վրա դեր չխաղալ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների ասուլիսներն են, երբ մասնակցում են հազարավոր լրագրողներ, ինչը ցանկալի չէ Հայաստանի դեպքում»,- ասաց նա:

ԳԱԼԱ-ի այն հարցին՝ ո՞ր հեռուստաընկերություններին նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ երկու հեռուստաընկերություն պարբերաբար զբաղված են մրոտելով ու նպաստում են գաղջ մթնոլորտի ձևավորմանը, Գեղամ Մանուկյանը նշեց, որ լիազորված չէ մեկնաբանել նախագահի խոսքերը:

«Միայն կասեմ, որ նախագահի տված գնահատականի հետ համաձայն չեմ՝ կապված գաղջ մթնոլորտի ու լրատվամիջոցների հետ: Գաղջ մթնոլորտ հեռուստաընկերություններով ապահովում են ոչ թե քննադատությունները, այլ այն անբարոյականությունները, որոնք սերմանում են տարբեր հեռուստաընկերությունների հեռուստասերիալները: Գաղջ մթնոլորտ ապահովում է կաշառակեր ու անարդար պաշտոնյան, խեղճ քաղաքացին, ով հանդիպում է կոշտ վերաբերմունքի ու անարդարության: Առաջիկա օրերին մենք ցուցադրելու ենք մի ընտանիքի մասին, որը սարսափելի վատ վիճակում է գտնվում: Նրանց ուղարկում են մի գերատեսչությունից մյուսը, այդ ընտանիքն այլևս ոչ մի հույս չունի որևէ մեկից: Այ դա՛ է գաղջ մթնոլորտը»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը:

Մելանյա Մելքումյան