Hetq.am-ը գրում է.

-ը գրում է.

 

Փաստաբան Երեմ Սարգսյանը  «Հետքին» ուղարկված գրությամբ բարձրաձայնել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես, ասված է.

Դատարանը նշել է, որ մեղադրվողի ձեռքին դանակ լինելու կամ դանակով տուժողին հարվածելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն, ուստի կայացրած որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը: Դատարանի նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հասկանալով, որ քրեական գործը մտել է փակուղի, նախաքննական մարմինը վաղուց ծանոթ շեղող հնարք է կիրառել և շուրջ 3 ամիս անց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրած մեղադրանքին լրացրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու գործողությունը նաև հանդիսանում է զենքի գործադրմամբ խուլիգանություն, որից հետո կրկին միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առաջին ատյանի դատարանն, այս անգամ արդեն այլ դատավորի նախագահությամբ, կրկին մերժել է քննիչի միջնորդությունը՝ կրկին հիմնավոր կասկածի բացակայությամբ և կրկին նշելով, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա որևէ փաստական տվյալ դատարանին հնարավորություն չի տվել հանգելու այն հետևության, որ մեղադրյալը սուր, կտրող-ծակող գործիքի հարվածել է տուժողին, հետևաբար՝ նաև, որայդպիսի գործիքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն: Ընդ որում, հատուկ պետք է նշեմ, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու հանգամանքը քննիչը 2-րդ անգամ դատարանում փորձել է հիմնավորել բացարձակապես նույն նյութերով, որոնք դատարան էր ներկայացրել առաջին անգամ և դատարանը մերժել էր միջնորդությունը:

Իսկ լրացուցիչ ներկայացված նյութերում միայն այնպիսի ցուցմունքներ էին, որոնց համաձայն դեպքի ժամանակ մեղադրվողի ձեռքին որևէ առարկա, այդ թվում՝ դանակ չի եղել և որ տուժողին այլ անձ է դանակով հարվածել: Այս անգամ դատախազի կողմից այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Նույնսիկ սկսնակ իրավաբանների համար է ակնհայտ, որ եթե առկա է ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որում կոնկրետ փաստերի հիման վրա դատարանը եկել է եզրահանգման, որ հիմքեր չկան ենթադրելու, որ կոնկրետ անձը դանակով հարվածել է տուժողին, ապա նույն փաստերի հիման վրա որևէ այլ դատարան՝ կլինի դա վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանը, իրավասու չէ անտեսել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դրան ուղիղ հակասող այլ որոշում կայացնել:

Չեմ ուզում մտածել, որ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այդ պարզ իրավաբանության մասին չգիտի, քանի որ դատախազի բողոքի հիման վրա բեկանել է առաջին ատյանի դատարանի 2-րդ որոշումը՝ նշելով, որ հիմնավոր կասկած առկա է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այդ ընթացքում նշելով աբսուրդի հասնող հիմնավորումներ: Մասնվորապես նշել է, որ առաջին ատյանի դատարանի 1-ին՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, որում դատարանը հանգել էր, որ չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը մեղադրյալի կողմից կատարելու հիմնավոր կասկածը, արգելք չէ, որ վերաքննիչ դատարանը հաստատված համարի այդ նույն հիմնավոր կասկածը:

Ակնհայտ էր, որ մեղադրանքի կողմը երկու անգամ անհաջող փորձ էր կատարել մեղադրյալին կալանավորելու, սակայն քանի որ իրենց ցանկալի դատավորները չեն եղել միջնորդությունները քննողները և չեն կարողացել հասնել իրենց անօրինական նպատակին, ուստի այս անգամ վերաքննիչ բողոք էին ներկայացրել այն հույսով, որ վերաքննիչ դատարանում դեռևս մնացած մոտ 2-3 »արտահաստիքային դատախազ» դատավորներից մեկը կքննի բողոքը և այս անգամ նրանց «բախտը բերեց»  և գործը քննեց Մհեր Արղամանյանը:

Հիմա հարց է ծագում, թե ի՞նչն է ստիպել Մհեր Արղամանյանին նման ապօրինի դսատական ակտ կայացնել. վախը դատախազությունից, թե այլ հանգամանքներ: Եվ այս դատավորը տարիներ շարունակ ստուգում է առաջին ատյանի դատարանների կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և մարդկային ճակատագրեր որոշում… Եվս մեկ անգամ դժբախտություն են ունեցել առնչվել այս դատավորի նմանատիպ որոշման հետ, երբ առաջին ատյանի դատարանը կրկին մերժել էր այլ մեղադրյալի կալանավորման միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել,  և Մհեր Արղամանյանը շտապում էր սովորականից շատ արագ քննել բողոքը և կալանավորել անձին, ինչն այնքան ակնհայտ էր, որ այդ մասին հայտարարեցի դատարանում և ինքնաբացարկ հայտնեցի նրան, ինչը, բնականաբար, չընդունեց և բավարարեց կալանավորելու վերաբերյալ դատախազի բողոքը: Իհարկե, որոշ ժամանակ անց հենց նախաքննական մարմինը քրեական գործով վարույթը  կարճեց՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ»: