Մեկ օրվա ընթացքում Փաշինյանի կաբինետի միանգամից երկու անդամ փաստացի հերքեցին վարչապետի՝ տարբեր առիթներով արված երկու հայտարարությունները: Մասնավորապես, ինչպես գիտենք, վերջին ամիսներին վարչապետը սիրում է պարծենալ ձեռքբերումներով: Այդ ձեռքբերումների թվին էին դասվում նաև արտահանման ավելացումը և այն հանգամանքը, որ պետական համակարգում գրանցված ստուգումների արդյունքում միլիարդավոր դրամներ են վերադարձվել բյուջե: Սակայն տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, օրինակ, այլ արդյունքների մասին է խոսում: Պարզվում է` Հայաստանից արտահանման ծավալները նվազել են:
 
Այդ ցուցանիշը, իհարկե, լավագույն կերպով է բնութագրում Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը: Ֆինանսների նախարարությունը նույնպես հետաքրքիր թվեր է հրապարակել: 2018թ. ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 10,213.9 մլն. դրամի խախտման փաստեր, որից 4,222.9 մլն. դրամը առաջարկվել է վերականգնման/ վերաձևակերպման, նույն թվում 3,488.9 մլն. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 484.5 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 211.0 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 38.5 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման: Ստացվում է, որ ստուգումների արդյունքում ավելի քան 10 մլրդ 213 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, որից սակայն վերականգնվել է 2 մլրդ 700 մլն դրամը կամ ընդամենը 27 տոկոսը, ինչը Փաշինյանի հիշատակած միլիարդները չեն:
 
Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Փաշինյանին հերքող երկու գերատեսչություններն էլ ներկայացնում են տնտեսական բլոկը՝ այն բլոկը, որի հաջողություններով այդքան պարծենում է վարչապետը: Եթե Փաշինյանն իր լայվերով և ֆեյսբուքյան գրառումներով կարող է պոպուլիզմով զբաղվել, ապա նախարարները առնչվում են իրականության հետ, թվերի հետ: Իսկ այդ իրականությունը, ինչպես տեսնում ենք, էականորեն տարբերվում է կառավարության ղեկավարի իրականությունից: