Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Բացի այդ կբարձրանան նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը: Այսպես՝ թաղապետերը 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։
 
Ուշագրավ է, թե այդ ո՞ր արժանիքների դիմաց են վարչական շրջանների ղեկավարները որոշել, որ այսուհետ պետք է հարկատուների գրպանից շատ ավելի շատ միջոցներ մտնեն իրենց գրպանները: Բանն այն է, որ ՔՊ-ական երիտասարդ թաղապետերը պաշտոնները ստանալու օրվանից մինչ այս պահը աչքի են ընկնում միայն թերանալով, կամ էլ՝ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելով: Երկու թաղապետարաններում անգամ այս պահին արշալույսները խաղաղ չեն՝ Արաբկիրում գրեթե բունտ է գործող թաղապետի դեմ, Ավանում էլ դեռ փորձում են ուշքի գալ սկանդալային տեղակալի հետ կապված պատմությունից:
 
Կա ևս մեկ հանգամանք, արդյոք մեր թաղապետերը ունե՞ն փողի խնդիր: Նրանց հայտարարագրերը, համենայնդեպս, հակառակի մասին են խոսում, մենք ունենք միլիոնատեր, գործարար թաղապետեր: Միթե համայնքային բյուջեն հնարավոր չէր ծախսել ավելի նպատակային և արդյունավետ: Տպավորություն է ստեղծվում, որ Նոր Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը ևս առաջնորդվում է թայֆաբազության՝ նախորդներին այդքան բնորոշ սկզբունքով, երբ գլխավորը ոչ թե հանրությանը ծառայելն ու այդ հանրության խնդիրները լուծելն էր, այլ սեփական քաղաքական թիմին կերակրելը…