Հայաստանում կան մարդիկ, ովքեր գտնում են, որ Հայաստանի հետագա գոյությունն անհնարին է առանց Ռուսաստանի։ Կան նաև ռուսատյացները, ովքեր իրենց բոլոր արմատներով ձգվում են դեպի ԱՄՆ։ Քիչ չէ նաև այն մարդկանց թիվը, ովքեր առաջնահերթ են համարում եվրոպական արժեքները և ցանկանում են ապրել եվրոպական Հայաստանում։ Ճանաչում եմ նաև անհատների, ովքեր Չինաստանն են համարում Հայաստանի փրկության միակ ուղին։ Երևի կգտնվեն նաև մարդիկ, ովքեր Աֆրիկյան երկրներին այլընտրանք չեն տեսնի։

Իսկ ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է հավասարակշռված դիվանագիտական հարաբերություններ կառուցի աշխարհի բոլոր ուղղությունների հետ` միմիայն գերադրելով հենց հայկական շահը։

Պարտադիր չէ դառնալ ինչ-որ մի երկրի խամաճիկը, ճորտը, ստրուկը կամ գաղութը, կամ ցուցադրաբար թշնամանալ մեկ այդ տերության հետ, որպեսզի քեզ արևի տակ գոյություն ունենալու իրավունք տան։

Մեր ազգային խնդիրների, պատմական բոլոր իրողությունների մեղավորը մեր ազգային բնավորության այն գիծն է, որի համաձայն մենք սիրում ու ընդունում ենք օտարին ավելին, քան մեր ընտանիքի անդամին, մեր հարևանին կամ մեր հայրենակցին։ Մեր պատմական կորուստների ու բացթողումների մեղավորը մեր ազգային այն գիծն է, որով մենք ամերիկամետ կամ ռուսամետ, եվրոպամետ կամ աֆրիկամետ ենք դառնում, բայց չենք մնում հայամետ։

Ու մեր միակ փրկօղակը հայամետ ազգ դառնալու մեջ է։

Մենք ունենք հարուստ պատմություն ու մշակույթ, սեփական լեզու և կրոն, քարից հաց քամելու և թշնամու զենքով թշնամուն վերացնելու հատկություն։ Մեզ պակասում է ազգայինն ու ազգը սիրելու անկեղծ հատկությունը։

Թողնենք օտարներին հանգիստ, կենտրոնանանք մեր ազգի, մեր հայրենակիցների, մեր հայրենիքի վրա։ Դադարենք հավատալ, պաշտել ու ծառայել «մեր երկրի լավը» ցանկացող պետություններին, անհատներին, խմբավորումներին։ Մեզանից ավել մեր երկիրը սիրել ոչ ոք չի կարող։ Դադարենք քարկոծել հային` կենտրոնանալով համակարգային փոփոխությունների վրա, քանի-դեռ մեզ լիովին չեն քշել մեր պատմական քարքարոտ հայրենիքից ու չեն դարձրել աշխարհասփյուռ ցեղախումբ։

Հ.Գ. Փառք Աստծո, կա հայի նաև հայամետ տեսակը, ում շնորհիվ Հայոց հողի վրա խոր արմատներ գցած մեր ազգը դիմագրավում է արհավիրքին։

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան