«Քաղաքացին այս պահին հիվանդանոցում չէ։ Հետազոտվելուց 1 ժամ հետո գնացել է տուն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ անդրադառնալով 63-ամյա տղամարդու առողջական վիճակին, ով հայտնել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իրեն ծեծել են:

Թեև ԲԿ-ի տնօրենը հրաժարվեց նշել, թե ինչ ախտորոշում է եղել քաղաքացու մոտ, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ նա հիվանդանոց է դիմել «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով»: 

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։

Արսեն Ջուլֆալակյանն անդրադառնալով իր և իր հոր մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերին՝ նշել է, որ ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իրենց կողմից չի եղել, իսկ տվյալ անձի կողմից արված հայտարարությունները՝ սուտ․ «Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում»,- գրել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ տղամարդը զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հայտարարել է, թե ծեծի է ենթարկվել։ Այս հայտարարությունից հետո Ջուլֆալակյաններն ինքնակամ գնացել են ոստիկանություն։

Սոնա Հարությունյան