«Կարծում եմ, որ սեռական դաստիարակությունը երեխաների համար շատ կարևոր է: Այդ գրքի մասին լսել եմ և´ դրական, և´ բացասական կարծիքներ, բայց ընդհանուր գաղափարը, բնականաբար, շատ ողջունելի է և կառուցողական»: Այս մասին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը` անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսին և դրա շնորհանդեսի խափանման փորձին:

Պատգամավորը նշեց` շատ ուրախ է, որ նման նախաձեռնություն կա: Համամիտ է Զարուհի Բաթոյանի հետ այն առումով, որ խափանման փորձը դատապարտելի է և նման բան չպիտի լիներ:

Թե որքանով դա նպաստեց գրքի գովազդին, Հռիփսիմե Գրիգորյանը նկատեց. «Ասել, թե դա կազմակերպված էր նախաձեռնության հեղինակների կողմից գրքի գովազդի համար, իհարկե` ոչ: Այնուամենայնիվ, դա հետաքրքրություն առաջացրեց գրքի նկատմամբ, և շատ փոքր շնորհանդեսը դարձավ ավելի մեծ, հանրային հնչեղություն ունեցող»,- ասաց նա:

Հարցին, թե իրեն էլ է հետաքրքրել և ինքն էլ կկարդա, Հռիփսիմե Գրիգորյանը պատասխանեց. «Այս շրջանում այդ գրքի մասին խոսակցություններն այնքան տարածվեցին սոցիալական մեդիայում, և գիրքն այնքան հասանելի դարձավ, որ կարծում եմ` այո, ես էլ կկարդամ»,-եզրափակեց պատգամավորը: