«Անթույլատրելի արարք էր»,- հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ խաղաղապահ գումարտակի՝ զորամասը լքելուն և միտինգին մասնակցելուն իր գնահատականի մասին հարցին։

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ նրանք պատասխանատվություն չկրեցին և ավելին, զորամասի հրամատանարը նույնիսկ պաշտոնի բարձրացում ստացավ, նախարարն արձագանքեց՝ «անցումային շրջանում ենք գտնվում»։

Նախարարը չբացառեց նաև, որ Մեղրու զորամասի միջադեպը կարող էր կապ ունենալ դրա հետ, և ասաց, որ միջոցներ են ձեռնարկում հետագայում նման երևույթները բացառելու համար։

«Մի գործընթացն ունեցել է ժողովրդին միանալու մղում, որը համապատասխան ձևով չի կարգավորվել հրամկազմի կողմից։ Եղել են պատասխանատվություն կրողներ, կարգապահական տույժեր են եղել, բայց խնդիրն այն է, որ հասարակության մեջ եղել է անհամաչափ ժողովրդի ցասում, որը նաև զինծառայողների վրա է արտացոլվել։ Ինչ վերաբերում է Մեղրու դեպքին, այ հանցավոր, բանակին ոչ հարիր դրսևորումների արդյունք էր։ Բայց երկու դեպքն էլ կարգապահությանն են վերաբերում, իսկ երբ կարգապահությանն են վերաբերում, այստեղ միայն իմ կողմից անհանդուրժողականություն է լինելու»,- ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչ վերաբերում է Արցախում հնարավոր պատերազմի հավանականությանը՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ այն բավականին բարձր է։