Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Lրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հավաստիացրեց, որ Երկրապահ կամավորականների միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը: « Կարծում եմ, դա փոխադարձ է: Երկրապահի շնորհիվ մենք  հաղթել ենք մեր այս հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, ու այն մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդեմ անարդարության մեր անվտանգության խնդիրների վերաբերյալ»,-ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝նախարարությունը շարունակում է համագործակցել ամենակարևոր հասարակական կառույցի հետ: «Մենք մեծ աշխատանք ենք տանելու մատաղ սերնդի դաստիարակման հարցում: Պատանի երկրապահներին ուղղված ծրագրերը պետք է շարունակվեն և դա շատ կարևոր է հայրենասիրաբար դաստիարակելու սերնդին»,-հավելեց Տոնոյանը:

Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացրել է ԵԿՄ 3-րդ համագումարը` 1997թ. նոյեմբերին: Հետագայում, 2002թ. փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրը ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Մայիսի 8-ը կապված է 1992թ. Շուշիի ազատագրման օրվա հետ: ԵԿՄ վարչությունն ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ավանդաբար նշում է երկրապահի օրը: