Հայաստանի նոր իշխանություններն անչափ շատ են սիրում կազմակերպել պաթոսային միջոցառումներ և դրանց անունը դնել ներդրումային համաժողով: Անցնող մեկ տարվա ընթացքում այդպիսի մի քանի համաժողովներ են կազմակերպվել Շիրակում, Արմավիրում, Լոռիում, Տավուշում, Արարատում: Իրականում, թիմով հավաքվելուց և փիառվելուց բացի որևէ շոշափելի արդյունք տվե՞լ են այդ համաժողովները: Թերևս ոչ: Որևէ լուրջ ներդրումային ծրագրի մասին մենք այդպես էլ չլսեցինք: Սա խոսում է հենց այն հանգամանքի մասին, որ չնայած Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիային՝ օտարազգի ներդրողները չեն շտապում Հայաստան բերել իրենց գումարները: Եվ նրանց կարելի է հասկանալ, Հայաստանի նոր իշխանությունները մոռանում են, որ հեղափոխության բրենդը թմբկահարելով՝ հնարավոր չէ բիզնես միջավայր փոխել:
 
Ընդ որում, իշխանությունները հաջողացրել են այնպես կազմակերպել ներդրումային համաժողովը, որ քիչ չէ որևէ շոշափելի ներդրումային արդյունք չեն գրանցել, մի բան էլ պետության հաշվին լավ «փայ են մտել»: Անցած շաբաթ օրը Արարատում տեղի ունեցած բիզնես ֆորումի կազմակերպման մրցույթը շահել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը։ Սա նույն կազմակերպությունն է, որը «Քաղաքացու օրն» էր կազմակերպել Երեւանում, նաեւ կազմակերպել էր Ամանորի միջոցառումները։
 
Ավելին, տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունն առանց մրցույթի էր ընտրվել «Քաղաքացու օրվա» երեւանյան միջոցառումների կազմակերպման համար։ Ավելորդ չէ նշել, որ Թումանյանի 150-ամյակի միջոցառումները եւս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել: Ուշագրավ է, որ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ, որոնք փաստում են, թե այս ընկերության տնօրենը սերտ հարաբերությունների մեջ է կառավարության աշխատակազմի ղեկավարի, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, նրա պատգամավոր եղբոր՝ Հայկ Սարգսյանի հետ։
Ահա սա է նոր իշխանությունների կոռուպցիոն պերճանքը և ներդրումային թշվառությունը…